Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապերս, տատերս, հայրս ինսուլտից են մահացել». Կարո Եղնուկյանը՝ դատավորին (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 12:45

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով այսօր հերթական դատական նիստն է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը, որը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ, հայտարարությամբ հանդես եկավ՝ կրկին պնդելով, որ նիստերին իր մասնակցությունը հղի է ողբերգական հետեւանքներով:

Եղնուկյանն ընթերցեց բժիշկների արձանագրություններն առ այն, որ իր արյան ճնշման բարձրացումը «դրվագային» է, ասել է թե՝ բարձրանում է կոնկրետ իրավիճակում, տվյալ դեպքում՝ նիստերի մասնակցելիս, երբ Եղնուկյանը նյարդայնանում է: Ամբաստանյալի խոսքով՝ բժիշկն արձանագրել է, որ ՔԿՀ խցում իր ճնշումը նորմալ է, մինչդեռ ամեն անգամ դատարան գալիս նրա ինքնազգացողությունը վատանում է:

«Նորմալ վիճակում ճնշումս 130/90 է, իսկ վատանալիս՝ 220/120 եւ ավելի: Դա հանգեցնում է ինսուլտի կամ կաթվածի: Երկու պապերս, տատերս, հայրս ինսուլտից են մահացել, որը բարձր ճնշման հետեւանք է եղել»,-ասաց Եղնուկյանը՝ հավելելով, որ իրեն անգամ կանխարգելիչ դեղերը չեն օգնում, իսկ դեղերի չափաբաժինն ավելացնել՝ կնշանակի դանդաղ մահվան գնալ:

Պաշտպանները միացան միջնորդությանը՝ պնդելով, որ նման վիճակում նիստի մասնակցելը կնշանակի խոշտանգվել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը լսելով Եղնուկյանի դիտարկումները՝ որոշեց թույլ տալ նրան չմասնակցել նիստերին: Ոստիկաններն ուղեկցեցին Եղնուկյանին: Նա դժգոհեց, որ դատարանի որոշումն այս պահին էր վերաբերում, սակայն Արտուշ Գաբրիելյանը պնդեց՝ թող շտապօգնություն գա եւ բուժօգնություն ցուցաբերի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930