ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսեց այն համակարգի մասին, որը ստեղծված է երկրում: Նա ասաց, թե ինչպես են տնտեսական իշխանավորները դուրս շպրտում շուկաներից տնտեսվարողներին, դեմպինգային գներ են կիրառում եւ ունենում են մենաշնորհ: Հետո այդ սյուներն են թելադրում, հանրապետության որակը վատանում է, մթնոլորտ են փոխում երկրում. «Դուք, որպես նախարարներ, շատ քիչ բան եք որոշում: Կառավարության նիստերում ռեալ բանավեճ կա՞, թե՞ չկա: Ձեր կառավարությունը, խոսքը վարչապետի մասին է, պատմական մեծ շանս ուներ: 2018-ին այլ համակարգի ենք անցնում, սա պատմական շանս էր»:
Ինչ վերաբերում է բյուջեի նախագծին՝ Մելքումյանը խոսեց թվերով ու համեմատեց. «2007-ին պետական պարտքը եղել է 14 տոկոս, այսօր 60 տոկոսի է մոտենում, աղքատությունը եղել է 12 տոկոս, այսօր 30 տոկոս է, գործազրկությունը եղել է 6.5 տոկոս, այսօր ինչքա՞ն է՝ 20 տոկոս: Այսինքն ի՞նչ անենք, այս թվերի համար ծափահարե՞նք ձեզ, ծափ տանք, ասենք էս ի՞նչ լավ թվեր են: Կյանքը վատ է, չէ՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ