ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր ԱԺ-ում ուշագրավ ելույթ ունեցավ աղքատության մասին: Նա անդրադարձավ ընդդիմադիրների քննադատությանը՝ 2018-ի բյուջեի նախագծի հետ կապված եւ ասաց՝ ճիշտ է, այս բյուջեով աշխատավարձերը, նպաստները, թոշակները չեն ավելանում, բայց դա ցուցանիշ չէ:
Ըստ Հակոբյանի, միջազգային կազմակերպությունների վերլուծականները նայենք՝ կիմանանք, որ նրանք չեն վերլուծում՝ աշխատավարձերը բա՞րձր են, թե՞ ցածր, նրանք վերլուծում են, թե ինչքան է աղքատությունը, սա է ցուցանիշը. «Մեր երկրում այսօր աղքատությունը կազմում է շուրջ 30 տոկոս, որպեսզի աղքատությունը վերացնենք, հաշվի առնելով աղքատության սրությունը եւ խորությունը, մեզ պետք է շուրջ 120 մլրդ փող, որ մենք ուղիղ հասցնենք աղքատ շեմին: Մենք կունենանք բացարձակ աղքատություն չունեցող հասարակություն: Պրակտիկան ասում է, որ այդ 120 մլրդ-ը որ հասնի աղքատներին, պետք է վրան ավելացնես շուրջ 200 մլրդ փող, որ հասի աղքատներին: Մենք այսօր բյուջեով 40 մլրդ փող ենք հատկացրել՝ աղքատության վերացման համար: Տարեկան մեր տրանսֆերտները, որ ստանում ենք դրսից՝ 1.4 մլրդ է կազմում, այսինքն՝ 500-600 մլրդ դրամ փող ստանում ենք ոչ պետական ֆինանսավորումով: Դուք ձեզ հարց տվեք, լավ, եթե աղքատությունը վերացնելու համար 200 մլրդ է պետք, մեր հասարակությունը ստանում է 500 մլրդ դրամ, էդ աղքատությունն ինչի՞ է մնում: Պատճառը մեր պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ վերահսկողության համակարգը: Առաջինը պետք է ունենանք ճիշտ պետություն, սա համար մեկ խնդիրն է»:
Այն քննադատությանը, որ 5560 աշխատատեղ է կրճատվում՝ Հակոբյանն արձագանքեց. «Գիտեք, իհարկե, ցավալի է, որ կրճատվում է: Բայց երբ նույն աշխատանքը պետական ոլորտում կարող են անել 50 մարդ, ինչո՞ւ պիտի 55-ը անեն, ո՞ւմ գումարի հաշվին, ո՞ւմ աշխատանքի հաշվին են այն 5 հոգին աշխատավարձ ստանալու»:
Պատգամավորն ասաց, որ որպեսզի այդ 5560-ի համար նոր աշխատատեղ լինի, պետք է տնտեսական աճ. «Ես բազմիցս լսել եմ, թե որտե՞ղ է տնտեսական աճը: Գիտե՞ք որտեղ է, ասեմ՝ եթե ձեզանից շատերը 1997-ը եւ 2017-ը համեմատեն իրար հետ, ապա այն ժամանակվա Հայաստանի եւ այսօրվա Հայաստանի տարբերությունը կտեսնեն հենց տնտեսական աճի իրական դրսեւորմամբ: Տնտեսական աճը մեկ անհատը չի՝ իր ընտանիքում ունեցած հաջողություններով: Տնտեսական աճը ամբողջ երկրի հաջողությունն է: 97-ին՝ 20 տարի առաջ, Սյունիք հասնելու համար մեքենայով պիտի գնայիր 5 ժամ, հետ գալուց կա՛մ պիտի մեքենադ ջարդվեր, կամ էլ պիտի ոտքով, ուրիշ մեքենայով հետ գայիր: Գյումրի գնալու համար պետք է գնայիր 3 ժամ ու պիտի մեքենադ թողնեիր Գյումրիում, հետ գայիր, չե՞ք մոռացել, չէ՞ այստեղ նստածներդ մեր ճանապարհները, մեր ենթակառուցվածքները: Սեւան գնալու համար հարկավոր էր գոնե 1.5 ժամ: Տնտեսական աճը չպետք է տեսնել սեփական բարիքը, պետք է տեսնել երկրի զարգացման տենդենցը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ