Լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը գտնում է, որ Սարգսյան-Պուտին օրակարգի ամենաթույլ հարցը ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերություններն են, քանի որ կա ԼՂ հակամարտության հարցը, որն այսօր քննարկվում է մի քանի շերտերում՝ լուրջ անհանգստության առիթ դառնալով նաև Ռուսաստանի համար։
«Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել նրանց հետ համատեղ։ Չնայած այս ամենին, Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձում է ստեղծել մի այնպիսի գործընթաց, որին դեմ են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համարյա թե բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը։ Սակայն դժվարություն է առաջանում, երբ Էրդողանը փորձում է Պուտինի հետ բանակցություններում արծարծել ԼՂ հակամարտության հարցը՝ փորձելով միջամտել և Ադրբեջանի շահերն առաջ բերել։ Սա հակասում է Ռուսաստանի հարավկովկասյան շահերին։ Ուստի վստահ կարող եմ ասել, որ Էրդողանը մերժվել է, սակայն՝ ոչ կոպտորեն։ Ամենայն հավանականությամբ, Էրդողանը որոշ հավաստիացումներ է ստացել, որ ռուսական կողմը կզբաղվի ԼՂ հակամարտության կարգավորմամբ էլ ավելի ակտիվ, այդ պատճառով էլ Լավրովն ուղարկվում է տարածաշրջան ակտիվ գործընթացի իմիտացիայի նպատակով»,- նման տեսակետ հայտնեց եվրոպացի վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող տրվել թուրքական սցենարներին, քանի որ դրանով, ի թիվս այլ խնդիրների, կկորցնի նաև Հայաստանը՝ որպես նվիրված գործընկեր երկիր։ «Նշեցի մի քանի շերտերով, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը շարունակում է շփումները նախարարների մակարդակներով՝ փորձելով հանդիպումներ կազմակերպել, բարձրացնել կողմերի միջև վստահության մակարդակը, և կան Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը՝ բանակցությունները տանել բոլորովին այլ ուղով։ Առնվազն երկու շերտ, եթե չխոսենք մյուս խաղացողների շահերի և քայլերի մասին»,- ասաց փորձագետը։
Այստեղ, ըստ Զաշտովտի՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը կանխազգալով այդ ծրագրերը՝ սկսում է վերաշարադրել իր պահանջները, փորձելով օրակարգ բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ «Պարզ է, որ Ռուսաստան- Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով որոշակի աշխատանքներից հետո այս պրոցեսը կրկին կնսեմացվի, և կշարունակվի Մինսկի գործընթացը՝ առանց էական անակնկալների ու բեկումների»,- ասաց նա։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում