Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Դավիթ Հարությունյանը փոփոխությունները պայմանավորեց Սահմանադրության փոփոխությամբ. «Բանն այն է, որ մեր սահմանադրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափակման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը»:
Ըստ նրա, առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ:
«Մինչեւ այդ ամրագրված չէ՞ր դա»,-ի պատասխան հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Դավիթ Հարությունյանն ասաց՝ ոչ, միայն ենթադրվում էր: «Նախատեսվել է, որ երեխայի կարծիքը նրա տարիքի ու հասունության մակարդակին համապատասխան պետք է հաշվի առնվի երեխայի հետ կապված ցանկացած հարց լուծելիս»,-ասաց Դ. Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ ամրագրվում է նաեւ ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանելու նպատակը. «Եվ դա միայն երեխայի կենսական շահն է: Սահմանադրությունը նախատեսում է երեխայի իրավունքը կանոնավոր շփումներ իր ծնողների հետ»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարգավորումներ են առաջարկվել նաեւ որդեգրության գործընթացում, որոնք բխում են միջազգային պայմանագրերում ստանձնած Հայաստանի պարտավորություններից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ