«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ։
– Պարոն Շահինյան, Դուք նախօրեին Ձեզ մոտ էիք կանչել դասադուլին միացած ուսանողներին եւ երկար զրույց ունեցել նրանց հետ։ Ո՞րն է պատճառը։
– Մարդիկ ակցիայի են մասնակցել, այո՛, նստել, խոսել ենք։ Ես առաջարկում եմ, որ եթե լուրջ հարցադրումը պետք է լուծում ստանա, ոչ թե օդի մեջ մնա, կարելի է ավելի այլ ձեւեր մտածել, նստել, խոսել, դիմել համապատասխան մարդկանց։ Ես չեմ կարծում, որ եթե հարց կա, որը պետք է լուծվի, անպայման պայքարի ճանապարհ պետք է ընտրել, այլ ձեւեր եւս կան։
– Դուք, ամեն դեպքում, խիստ զրույց եք ունեցել ուսանողների հետ։ Հետեւանքներ կլինեն այդ ուսանողների՝ դասերին չմասնակցելու համար։
– Կոնսերվատորիայի դասերը երկու օրերն էլ կայացել են։ Երեկ ովքեր որ մասնակցել են, իրենց ազատ օրն է եղել, իրենք դասեր չունեին։ Այնպես որ, դասերին չի խանգարել իրենց մասնակցությունն ակցիային։ Նախօրեին ես հանդիպել եմ 16 ուսանողի հետ, եւ առաջին օրն է եղել, որ Կոնսերվատորիայի ուսանողները եւս մասնակցել են։
– Պարոն Շահինյան, նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ Դուք նշել էիք, թե անհանգստանալու ոչինչ չունեք, քանի որ Կոնսերվատորիայի ուսանողները չեն մասնակցում ակցիային։ Դուք որեւէ կերպ ազդել եք ուսանողների վրա, որպեսզի խուսափեն դասադուլին մասնակցելուց։
– Գիտեք՝ իմ անհանգստությունը կամ չանհանգստությունը մասնակցելու հետ կապված չէ։ Անհանգստությունն այն դեպքում է, երբ որ ինչ-որ վտանգներ կան, սակայն անվտանգ տեղ են մասնակցել։ Մասնավորապես նախօրեին իրենք մասնակցել են իրենց համալսարանի դիմաց, երեկ էլ մասնակցել են, մի քանի շարականներ են երգել։ Այդ մասնակցությունն ինչո՞ւ պետք է ինձ անհանգստացնի։ Իրենց պետք է հարցնեք, թե ինչու չեն մասնակցել դասադուլին։ Եթե ուզում եք իմ մասով իմանալ, ապա ես չեմ խոչընդոտել։ Չի եղել նման դեպք:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ »Հայաստան 24»-ից