134 գիտաշխատողներ եւ դասախոսներ բաց նամակով դիմեցին նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը՝ իրենց մտահոգությունը հայտնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքների առնչությամբ։
ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կ. գ. դ., պրոֆ. Ջոն Սարգսյանը, ով նույնպես ստորագրել էր այդ բաց նամակի տակ, նշեց, որ պետությունը լուրջ չի վերաբերվում գիտությանը, մինչդեռ պետք է փոխել թե՛ վերաբերմունքը եւ թե՛ գիտությանը տրվող ֆինանսական հատկացումները։ «Դա փո՞ղ է, որ տալիս են գիտությանը, ես չեմ հավատում, որ մի բան կարվի, որը կօգնի ինչ-որ չափով գիտության զարգացմանը, ավելին՝ 10 տոկոսով իջեցրել են գիտության ֆինանսավորումը, ամեն ինչ կարելի է սպասել, դրությունը վատ է»,- ասում է նա ու նկատում, որ այս օրենքի ընդունումը, գիտության ֆինանսավորման ծավալների նվազումը, ակադեմիայի շենքի վաճառքի մասին խոսակցությունները կարելի է մի շղթայի մեջ դիտարկել։
Կարելի՞ է եզրակացնել, որ պետությունն ուղղակի անտեսում է գիտությունը։ «Բառիս լայն իմաստով անտեսում է, որովհետեւ այդպես չի կարելի… մեր ստացած գումարն այնքան ցածր է, որ մենք հնարավորություն չունենք նորմալ գործ անելու, եւ չեք պատկերացնի, թե ինչի ենք դիմում, որպեսզի կարողանանք ինչ- որ մի բանի հասնել։ Այնպես որ՝ շատ դժվար իրավիճակ է, նույնիսկ՝ կատաստրոֆիկ»,- ասում է նա։
Ֆիզիոլոգիայի ինստիտուտի պրոֆեսորը համաձայն չէ ԿԳ եւ պաշտպանության նախարարների հնչեցրած գնահատականներին եւ փաստարկներին, ավելին՝ կարծում է, որ մեկ տարուց ավելի չի կարելի ծառայել․ «Դա սխալ է, ժամանակին ռազմական ամբիոններ կային, որտեղ 2 ամսում ծառայելով ավելի շատ բան էինք ձեռք բերում, քան թե մի տարվա ընթացքում ծառայելով։ Ռուսաստանում վաղուց արդեն մեկ տարի է, իսկ 3 տարին մեզ համար շատ-շատ է, այդպես չի կարելի։ Հետո, ինձ թվում է՝ դա կապված է նրա հետ, որ քիչ մարդ է մնացել Հայաստանում, ու ծառայության միջոցով փորձում են այդ հարցն ինչ-որ ձեւ լուծել»։
Այն, որ այս տարիներին տարկետման վերացման օրինագիծը 2 անգամ քննարկվել է ԱԺ-ում եւ 3-րդ անգամ արդեն ձայների գերակշիռ տարբերությամբ ընդունվեց, պրոֆեսորը լավ չի համարում․ «Ոչ ոք չի ուզենա, որ 3 տարի իր որդին ծառայի, եւ մարդիկ էլ ավելի շատ կգնան, եւ արտագաղթն ավելի կմեծանա, հերիք չէ, որ քիչ ենք մնացել, ավելի քիչ կմնանք, մարդիկ չեն ընտելանա այդ մտքին, սա շատ սխալ որոշում է։ Ընդհանրապես, մեր այս նոր նախարարն ինչի՞ մասին է մտածում, այդ 1000 դրամի հիմար օրինագիծը, որ առաջարկեց, իսկ ինչո՞ւ հազար, եթե ոչ մեկ տոկոս, ինչո՞ւ պետք է ցածր աշխատավարձ ստացող մեկն էլ տա հազար դրամ եւ բարձր ռոճիկ ստացողն էլ այդքան։ Ինձ թվում է՝ վերջերս մեկը մյուսից սխալ օրենքներ են ընդունում մեզ մոտ, եւ քանի գնում, դրությունն ավելի վատանում է»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում