Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ որեւէ խոսք չկար, թե նրանք ԼՂ խնդրի վերաբերյալ ի՞նչ քննարկումներ են ունեցել, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել։
Մինչդեռ սա կարելի է համարել հանդիպման առանցքային հարցերից մեկը՝ հաշվի առնելով նաեւ փաստը, որ ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդրի կարգավորման նախաձեռնությունը եւ հիմա լուրջ ակտիվություն է ցուցաբերում։
Ավելին՝ այս օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնվում են Մոսկվայում։ Նախօրեին նրանց հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը։ Իսկ այսօր նույն նպատակով Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը։ Իր այցից առաջ Մամեդյարովը նույնիսկ հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն հանուն բանակցությունների։ Նույնիսկ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն»։
Եվ բացի այդ, ինչպես հայտնի է՝ հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Երեւան եւ Բաքու՝ քննարկելու ԼՂ խնդրի վերաբերյալ հարցեր։ «Կփորձենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից հետո»,- ասել էր նա։
Այնպես որ, Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ԼՂ խնդրի շուրջ քննարկումների վերաբերյալ մանրամասները կարեւոր են՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ վիճակում է գործընթացը, եւ արդյո՞ք Սարգսյանի ասած «ցավոտ լուծումները» մոտ են։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում