Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուներին ստիպում են խնդրագրեր գրել, թե վերահաշվարկ ու վերագանձում արեք մեր թոշակները. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 11:15

2018-ի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 5 պատճառ կա, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած այս բյուջեին: Առաջին պատճառն այն է, որ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների եւ նվազագույն աշխատավարձերի բարձրացում, սա բացարձակ անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թոշակառուներին այս օրերին էլ ստիպում են խնդրագրեր գրել, թե խնդրում ենք վերահաշվարկ արեք մեր թոշակները: Նա ասաց, որ սոցիալական աշխատողները թոշակառուների անունից խնդրագրերը լրացնում են՝ նշելով, որ վերահաշվարկ արեք եւ վերագանձում, որովհետեւ ինչ-որ մի ժամանակ ստաժը սխալ են հաշվել:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց բոլոր թոշակառուներին, որոնց ստիպել են նման խնդրագրեր գրել, դիմել իրենց խմբակցություն:

Վերադառնալով բյուջեի նախագծին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երկրորդ պատճառը, որի պատճառով պետք է դեմ քվեարկել, գնաճն է: Ասում են, թե որոշ ապրանքների գներն էլ իջել են: Ըստ նրա, եթե болт-гайка-ի գինն իջել է, դա բացարձակ հուսադրող չէ:

3-րդ պատճառը այս բյուջեին դեմ քվեարկելու 5560 աշխատողների կրճատումն է. «Երբ մարդկային ռեսուրսի օպտիմալացում է գնում, հիշո՞ւմ եք մեքենաների օպտիմալացման շոուն, 2017-ին նախատեսված է եղել 17.4 մլրդ դրամ, 2018-ի բյուջեով 32.4 մլրդ դրամ է նախատեսված մեքենաների, սարքավորումների ձեռքբերման եւ պահպանման համար: Բա էլ ո՞ւր մնաց ձեր կրճատումը, թե՞ դա վերաբերում էր միայն մարդկանց եւ աշխատատեղերին»:

4-րդ պատճառն այն է, որ բյուջեով գիտության, կրթության ծախսերը կրճատվում են: Զոհրաբյանը հիշեցրեց վարչապետի գեղեցիկ նախադասությունները, որ մեր ամենակարեւոր ռեսուրսը կիրթ եւ գրագետ երիտասարդն է, որը պիտի կարողանա իր պոտենցիալը ներդնել գիտության մեջ:

5-րդ պատճառը դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկերն է: Անտառաշեն, Ծաղկաշատ եւ տասնյակ գյուղերում չկա առաջին դասարան կամ կա լավագույն դեպքում մեկ աշակերտ: Սա խայտառակ արտագաղթի հետեւանքն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930