ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, թե չի կարող լինել մի այնպիսի օրենք, անգամ ամենաանմեղները, որոնց դեպքում՝ հատկապես խորհրդարանական ու արտախորհրդարանական նման ընդդիմության պայմաններում, մեկ-երկու հոգի չգտնվեն, որոնք որեւէ պատճառաբանությամբ հացադուլ կարող են հայտարարել:
«Այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է շարունակենք մեր աշխատանքը: Եթե մենք դա դարձնենք պրակտիկա ու ընկրկենք, ապա ցանկացած օրենքի դեպքում 3 միլիոն քաղաքացու մեջ հաստատ կգտնվեն մեկ, երկու կամ երեք հոգի, որոնք ինչ-որ պատճառաբանությամբ կարող են հացադուլ հայտարարել: Այսինքն՝ մենք դրանով կպարալիզենք Ազգային ժողովի աշխատանքը: Ինձ թվում է, որ մենք պետք է մեր աշխատանքը շարունակենք, բացատրական աշխատանք տանենք: Ամբողջ աշխարհում տարբեր նկատառումներով հացադուլներ, միտինգներ լինում են, բայց ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է ընդառաջ գնանք հացադուլին ու մեր երկրի զարգացումը, մեր պառլամենտի աշխատանքը մենք անընդհատ հետաձգենք, ձգձգենք՝ համոզելու համար, որ այդ մարդիկ հետ կանգնեն իրենց որոշումներից: Եթե թեկուզ մեկ անգամ մենք դա անենք, դա պարզապես կդառնա անընդհատ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում