Ես համամիտ եմ այն տեսակետին, որ մինչ այս պահը գործող տարկետման վերացումը, այնպես, ինչպես փորձում են դա անել մեր ղեկավարները, սխալ է: Օրենքն իրականում վատը չէ, այն մատուցելու ձեւն է սխալ: Նման բան ընթացս չէր կարելի անել: Մինչեւ պատը շարելը նրա տակ հիմք են նախապատրաստում: Ո՞ւր է հիմքը, ո՞ւր են այն նախադրյալները, որ այդ լավ օրենքը կգործի: Մեր ուսանողները, վստահ եմ, իրենց գլուխը հիմարություններ լցնողին չէին լսի, եթե նախապես բանակում չծառայած պաշտոնյաներին, բոլորին անխտիր, իրենց պաշտոններից տարկետում տային եւ ուղարկեին բանակ` ծառայության: Թե՛ Էդուարդ Շարմազանովին, թե՛ Կարեն Ավագյանին, թե՛ Վիգեն Սարգսյանին, թե՛ մյուսներին բանակում ծառայած փոխարինողներ հաստատ կգտնվեին, եւ գործն էլ չէր տուժի: Եթե Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բանակում չծառայած իր դիսերտանտին մինչ այս օրենքի ընդունումը տարկետում տար եւ բանակ ուղարկեր, իսկ նրա փոխարեն բանակից զորացրված մի քանի դիսերտանտի հետ սկսեր աշխատել, համալսարանի ուսանողությունը ոչ թե ցույց կաներ, այլ կհպարտանար իր ռեկտորով:
Նախկինում հավասար միավորներ հավաքած դիմորդներից առավելություն էր տրվում բանակում ծառայած եւ աշխատանքային ստաժ (2 եւ ավելի տարի) ունեցողներին: Այս նորմի կիրառումն ընդունելության քննություններում անիմաստ է այսօր, որովհետեւ խնդիր է դարձել նույնիսկ բուհերի համալրումը: Բայց կարելի է այն հաջողությամբ կիրառել ասպիրանտուրայի համար: Ինչո՞ւ դա չանել եւ չկիրառել հենց այսօրվանից, որպեսզի չշահարկվի նաեւ «գիտության հերն անիծելու» վարկածը:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է, որ պետք է հետաձգել օրենքը, մինչեւ լուծումներ գտնվեն: Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ լուծում են ուզում գտնել` բանակում չծառայելո՞ւ, թե՞ ծառայելու: Բանակում ծառայելը պարտադիր է: Եթե սա նորմ է, դու այդ նորմի ի՞նչ լուծում ես ուզում գտնել: Ասում է` միեւնույն է, հարուստների երեխաներն առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիայի պատճառով կազատվեն բանակից: Կներեք, բայց դա արդեն բանակի ու գիտության խնդիրների հետ կապ չունեցող հարց է: Կոռուպցիայի դեմ բոլորն են այսօր պայքարում, բացի ընդդիմությունից: Դուք էլ պայքարեք: Ե՞րբ էր, որ Սերժ Սարգսյանը մեդալ տվեց Հրազդանի քաղաքապետի որդուն: Կես ժամ չանցած՝ բացահայտեցիք, չէ՞, թե ում որդին է: Ամեն զորակոչի գնացեք-նստեք ՊՆ-ում ու ստուգեք` ում ազատեցին, ում՝ ոչ: Փոխանակ մենք հարմարվենք պարտադիր նորմին, այն ընդունենք ի գիտություն, ուզում ենք նորմը հարմարեցնել մեզ, լուծում գտնել, ծուռումուռ այլ ուղիներ թողնել, որ խուսափողը շարունակի խուսափել:
Մենք ստիպված ենք այսօր խոստովանել, որ անկախության տարիներին շատ բան ենք աչքաթող արել, այդ թվում՝ նաեւ բանակի խնդիրները: Բանակը միայն զինվորներով ու զենքով լցված պահածոյի տուփ չէ: Ասում ենք` կայացրել ենք բանակը: Այո, կայացրել ենք, բայց միայն զինվորով ու զենքով, մեր հայրենասեր տղաների ոգու ուժով, նրանց հաղթական բազկով, անվրեպ հարվածով: Բայց մոռացել ենք հասարակությանը, ժողովրդին`այդ բանակը ծնող ու սնող հայ մարդուն` քաղաքացուն: Հասարակության մեջ եղած անարդարությունը չէ՞ պատճառը, արդյոք, որ այսքան հեշտացել է հայ ուսանողին բանակից խուսափելու պատրվակով փողոց հանելը: Ո՞ւր են բանակից զորացրվածների առջեւ բացվող հեռանկարները, ո՞ւր են այն խոստումները, որ շռայլում ենք ընտրությունների նախօրյակին:
Էդիկ Անդրեասյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում