Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի հակահարվածը պակաս ազդեցիկ և համոզիչ չէր, քան «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մեղադրանքները. «Ժամանակ»

Նոյեմբեր 16,2017 10:48

Ինչպես և սպասելի էր, «Ծառուկյան» դաշինքը երեկ շարունակեց կառավարությանը և անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին հայտարարված պատերազմը, որը սկսվել էր դեռ նախորդ օրը, երբ ԱԺ նիստում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները ՊԵԿ-ին մեղադրեցին դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հարկային տեռոր իրականացնելու մեջ՝ մասնավորապես դրանում մեղադրելով ինչպես ՊԵԿ ղեկավարին, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Միայն թե, ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ կառավարության ղեկավարը ներկա էր նիստին, և կարողացավ անձամբ պատասխանել իրեն ուղղված մեղադրանքներին: Պետք է ասել, որ Կարեն Կարապետյանի հակահարվածը պակաս ազդեցիկ և համոզիչ չէր, քան «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մեղադրանքները:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները պնդում են, որ ՊԵԿ տեսուչները ապօրինություններ են գործում «Առինջ մոլում», խուզարկում են առևտրականների և նրանց հաճախորդների մեքենաները և անգամ պայուսակները, և մինչև անգամ վրաերթի են ենթարկում նրանց: «Ծառուկյան» դաշինքի պահանջն այն է, որ ՊԵԿ-ը դադարեցնի փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողների նկատմամբ իրականացվող ճնշումը, թույլ տա, որ նրանք օրվա հաց վաստակեն:

Երեկ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նույն հարցադրումներով դիմում էին Կարեն Կարապետյանին: Կարապետյանը սկզբունքորեն դեմ չէ հարկային արտոնություն սահմանել մեկ առանձին վերցրած մոլի, այս դեպքում՝ «Առինջ մոլի» նկատմամբ, բայց առաջարկում է, որ պատգամավորները օրենք ընդունեն, որպեսզի ՊԵԿ-ն առաջնորդվի օրենքով: Կարապետյանը գիտի, որ նման օրենք չի կարող ընդունվել, բայց ակնարկում է, որ դրա մասին պետք է լինի համապատասխան հրահանգ, որը օրենքի է հավասար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ներկայացրեց «Առինջ մոլի» հետ կապված վիճակագրությունը, որը չափազանց հետաքրքիր է: Ըստ նրա՝ «Առինջ մոլում» գործում է 748 սուբյեկտ, որից 157 սուբյեկտի շրջանառությունը մինչև 1 մլն է, 208-ինը՝ 1-3 մլն, 204-ինը՝ 3-5 մլն, 140-ինը՝ 5-10 մլն, 30-ինը՝ 10-20 մլն, 7-ինը՝ 20-30 մլն, 30-58,5 մլն շրջանառություն ունի միայն մեկ սուբյեկտ, և 58-մլն-ից ավելի շրջանառություն է ցույց տալիս մեկ սուբյեկտ: Խոսքը այդ սուբյեկտների տարեկան շրջանառության մասին է: Կարեն Կարապետյանն ասում է, որ գործող օրենքով մինչև 110 մլն շրջանառություն ունեցողները հարկվում են շրջհարկով, և եթե տնտեսվարողների ցուցանիշները կեղծված չեն, ապա նրանց համար ոչինչ չի փոխվելու, նրանց հարկային բեռը չի ավելանալու: Հարկային տեսչությունն ուղղակի հաշվառում է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք տնտեսվարողների տվյալները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ:

Մի քիչ դժվար է հավատալ, որ «Առինջ մոլում» 157 սուբյեկտ կարող է տարեկան 1-մլն դրամից պակաս շրջանառություն ունենալ: Մնացած թվերը ևս, մեղմ ասած, կասկածելի են թվում: Բայց Կարեն Կարապետյանն ասում է, որ ՊԵԿ-ը պատրաստ է «Առինջ մոլի» հետ կապված բացառություն անել և այն համարել հարկային դաշտից դուրս: «Եթե դուք այլ դեպք գիտեք, որ մենք այլ մարկետներում ավելի լոյալ ենք նայում, ապա մենք կնայենք: Մենք շատ պատրաստ ենք, որ եթե դուք օրենք ընդունեք, որ հաշվառում չանենք, մենք չենք ստուգի»,- գրեթե հեգնեց Կարապետյանը:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930