Հայաստանում պայքարի տրամաբանությունը հետեւյալն է. եթե որեւէ մեկը կամ մի քանի հոգի հացադուլ են հայտարարում, պնդելով, որ հացադուլը չեն դադարեցնի, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, սովորաբար ոչ թե հայտնվում են համախոհներ, որոնք հայտարարում են, որ իրենք էլ են նույն պահանջներով միանում հացադուլին, այլ հայտնվում են համախոհներ եւ ոչ համախոհներ, որոնք հորդորում են անհապաղ դադարեցնել հացադուլը։ Պատճառաբանությունները սովորաբար լինում են հիմնավոր. ստամոքսի գաստրիտ կստանաս, լեղապարկի բորբոքում, ճնշումդ կբարձրանա, սոված կմնաս, փորդ կմաշի եւ այդպես շարունակ։ Նստացույցի դեպքում ամեն ինչ նույնն է, ախտորոշումներն են ուրիշ. գեմարոյ կստանաս, տուտուզի բորբոքում, պճեղախտ։
Թվում է, թե սա նորմալ, մարդասիրական մոտեցում է։ Բայց իրականում բացահայտում է հայկական իրականության անլրջությունը։ Եթե որեւէ մեկը մեզանում հացադուլ է հայտարարել, բոլորի կանխավարկածն այն է, որ պահի տակ, առանց հասկանալու, առանց հաշվարկելու, տաքգլուխ, այսինքն՝ հիմարաբար է նման քայլի գնացել, ու հիմա հայոց թասիբին համապատասխան, պետք է ամեն ինչ անել տվյալ մարդուն այդ վիճակից հանելու համար։ Մեծ հաշվով այս տրամաբանությունն ընդունում են նաեւ հացադուլավորները, որովհետեւ Հայաստանի պատմության մեջ դեռ ոչ ոք հացադուլից չի մեռել, չնայած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ հայտարարել են, թե հացադուլից դուրս չեն գա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի։ Պահանջները սովորաբար չեն կատարվում, բայց հացադուլավորները չեն մեռնում, որովհետեւ դադարեցնում են հացադուլը։ Ու սա դարձել է քաղաքական կուլտուրա։
Այս է պատճառը, որ ով ասես, ինչ առիթով ասես՝ հացադուլ է հայտարարում, որովհետեւ գիտի, որ հաջորդ պահին հայտնվելու են հարյուրավոր «մարդասերներ», ովքեր հացադուլը դադարեցնելու հորդորներ են անելու։ Ու այդ հորդորողները ոչ թե ջանք են գործադրելու, որ թեկուզ արդարացի առաջադրված պահանջը կատարվի, այլ որ հացադուլավորը հանկարծ ստամոքսի գաստրիտ չստանա։
Կարծում ենք թերեւս ժամանակն է՝ բանադրանք, եթե կուզեք՝ քֆուր դնել հացադուլի վրա հետեւյալ պայմաններով. եթե որեւէ մեկը ինչ-որ բան անելու պահանջով հացադուլ հայտարարի ու առանց պահանջի կատարման դուրս գա հացադուլից, ուրեմն՝ խեղկատակ է։
Եթե որեւէ մեկը վստահ չէ, որ կարող է նման բեռի տակ մտնել, թող չանի նման բան, որովհետեւ դրանով վարկաբեկում է ինքն իրեն, պայքարի ինստիտուտն՝ ընդհանրապես։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում