Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի սենատորը՝ Էրդողանի առաջարկի մասին. Սա արդարադատություն չէ, պարզապես՝ պատանդի փոխանակում (Տեսանյութ) .«Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 16,2017 10:21

«Ամերիկայի Ձայն». «Սա արդարադատություն չէ, պարզապես՝ պատանդի փոխանակում», – բացականչում է սենատոր Թոմ Թիլլիսը՝ Թուրքիայի գաղութներում պահվող քահանա Էնդրյու Բրանսոնի գործը լսելիս:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կազմակերպված լսումներին քննարկվել են Թուրքիայի իշխանությունների հակաժողովրդավար գործողությունները, մասնավորապես, այդ երկրի գաղութներում՝ իրավապաշտպանների կարծիքով ապօրինի պահվող մի շարք ԱՄՆ-ի քաղաքացիների ճակատագիրը: Հիշեցնենք՝ սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջարկել էր փոխանակել Էնդրյու Բրանսոնին Էրդողանի երբեմնի դաշնակից իսկ այժմ՝ թշնամի Ֆեթուլա Գյուլենի հետ, ով ԱՄՆ-ում բնակություն է հաստատել եւ ում Էրդողանը ցանկանում է մեղադրել հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Սենատորը հիշեցնում է՝ հեղաշրջման փորձից հետո սկսված բռնապետական քայլերի արդյունքում Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ օրենսդիրներ, քաղաքապետեր, զինվորականներ, լրագրողներ, դասախոսներ, գործարարներ:

Լսումներին ներկա պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոնաթան Քոհենը, սենատոր Թիլիսի խոսքով, չափազանց դիվանագիտական որակումներով, պատմում է Էրդողանի գործողությունների ազդեցության մասին.

«Թուրքիայի ներսում դրանք ցնցել են մամուլի ազատությունը, ինքնաարտահայտման իրավունքը, քաղաքացիական կազմակերպությունները: Երբ Թուրքիայում ես գտնվում, դա ուղղակի շոշափելի է»:

Քահանա Էնդրյու Բրանսոնի շահերը ներկայացնող Օրենքի եւ արդարադատության ամերիկյան կենտրոնի իրավաբան Սեսե Հեյլի խոսքով, քահանային կարող են Թուրքիայում առանց մեղադրանք ներկայացնելու պահել մինչեւ 7 տարի.

«Անցած 23 տարիների ընթացքում նա բնակվել է Թուրքիայում միայն մեկ նպատակով՝ քարոզել Հիսուս Քրիստոսի հավատքը»:

Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նեյթ Շենքանի կարծիքով, Թուրքիայի իշխանությունների հակաամերիկյան գործողությունների հիմքում ընկած են ներքին պատճառներ, որոնք մոտ ապագայում չեն փոխվելու: Ուստի, նպատակահարմար է անդրադառնալ խնդրին, նշում է իրավապաշտպանը.

«Օգտագործելով Գլոբալ Մագնիցկիի ակտը՝ կարող ենք պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները խախտող թուրք պաշտոնյաների դեմ»:

Լսումներին ներկա քահանա Էնդրյու Բրանսոնի դուստր Ջաքլինն օրենսդիրներին ուներ մեկ խնդրանք՝ տուն վերադարձնել իր հորը:

Արման Թարջիմանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930