Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի շրջանավարտների տասներեքերորդ թողարկումն ունեցավ: 2001 թվականից գործող վարժարանն այսօր ունի 110 սան, որոնցից 17-ը աղջիկներ են:
Վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը, Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ աղջիկները մեծ պատասխանատվությամբ և սիրով են սովորում ռազմական գործը. ‹‹Կասեի նույնիսկ ավելի պարտաճանաչ են, քան տղաները: Բացի այս՝ աղջիկների հետ համատեղ ուսանելը նաև դրական ազդեցությունն է ունենում տղաների վարքի և ուսման վրա››:
Վարժարանի պետը նշում է, որ այստեղ սաները սովորում են երեք տարի: Ավարտելուց հետո իրենց ուսումը կարող են շարունակել կամ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, իսկ եթե ոչ, ապա զորակոչվում են բանակ` պարտադիր զինվորական ծառայության: Առօրյան անցնում է բազմաբովանդակ, մասնակցում են տարբեր մարզական միջոցառումների: Շաբաթական մեկ օր այցելում են նաև Ստեփանակերտի Թումո կենտրոն:
‹‹Ամեն տարի ունենում ենք սաներ , ովքեր վարժարանն ավարտելուց հետո իրենց ուսումը շարունակում են Վազգեն Սարգսյանի անվան և Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարաններում, ինչպես նաև Ռուսաստանի դաշնության տարբեր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում»,- ընդգծում փոխգնդապետ Հակոբյանը:
Ավարտական կուրսի սան Սիրուն Սևյան մեզ հետ զրույցում նշում է, որ դեռևս վերջնական չի որոշել` վարժարանն ավարտելուց հետո ինչ մասնագիտություն է ընտրելու. ‹‹Երևի թե կմասնագիտանամ հակաօդային պաշտպանության մեջ: Հինգ տարեկանից սկսած երազել եմ լինել ռազմական գործում և մասնագիտության բերումով միշտ կրել զինվորական համազգեստ,- պատմում է վարժարանի սանը, որի հայրը նույնպես եղել է զինվորական և որպես սպա ծառայել պաշտպանության բանակում››:
Ինչպես նշում են վարժարանի դասախոսները` Սիրունը վարժարանի լավագույն սաներից է, ունի ուսման բարձր առաջադիմություն: Մարզական և ինտելեկտուալ մրցույթներում բարձր ցուցանիշներ է գրանցում, ինչպես նաև գրական-գեղարվեստական միջոցառումների ակտիվ մասնակից է: Ստանում է նաև ամենաբարձր` Յուրի Պողոսյանի անվան կրթաթոշակ: Սիրունը ցանկանում է արհեստավարժ զինվորական մասնագետ դառնալ, ինչպես նաև մի բան, որը նա հաստատորեն նշեց. ‹‹Իմ կողքին պատկերացնում եմ միայն զինվորական ամուսին››:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ