Լրահոս
Օրվա լրահոսը

Դառը մտքեր

Նոյեմբեր 16,2017 16:30

Դու հպարտ չես, իմ հայրենիք

Վահան Տերյան

Դեռեւս ԽՍՀՄ տարիներին, իսկ հետագայում՝ անկախ Հայաստանում, հատկապես վերջին շրջանում, հասարակական-քաղաքական շրջանակներում արծարծվում է հետեւյալ միտքը՝ «թե ինչու այսպես եղավ», «պատճառը դարերով պետականություն չունենալն է, մենք ընդամենը 25 տարվա պետություն ենք, իսկ եվրոպական ժողովրդավարությունը դարերի պատմություն ունի», «մեր բախտը չի բերել մեր հարեւանների, մեր աշխարհագրական դիրքի հարցում», «մեզ անընդհատ խաբել են ե՛ւ ռուսները, ե՛ւ անգլիացիները, ե՛ւ ֆրանսիացիները» եւ այլն:

Հիշենք Հովհաննես Թումանյանին.

Դառնացած ժողովուրդ

«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետեւեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»։ (1910թ.)

Երեկ կարդացի, որ Բուրյաթիայի հայ համայնքի ֆինանսական միջոցներով նորոգվել է տեղի Լենինի հուշարձանը ( https://rusarminfo.ru/2017/11/08/armyanskaya-obshhina-otremontirovala-pamyatnik-leninu-v-buryatii/): Հետո հիշեցի, որ վերջերս ռուսաստանաբնակ մեծահարուստի ֆինանսավորմամբ կառուցվեց Երեւանում ռուսական ուղղափառ եկեղեցի (չեմ կարծում, որ Հայաստանի ռուսական համայնքին երկրորդ եկեղեցին անհրաժեշտ էր): Տարիներ առաջ պարզվեց, որ Շիրակի մարզի չեմ հիշում որ գյուղի փողոցներից մեկն անվանակոչվել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունով: Եվ վերջապես, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցի ժամանակ ոմն Հայաստանի քաղաքացի իր նորածնին անվանել էր Սարկոզի: Շարքը կարելի է շարունակել…

Ի՞նչ է սա՝ դիվանագիտությո՞ւն, ինտերնացիոնալի՞զմ, այլասիրությո՞ւն, բարի կա՞մք, թե՞ ընդամենը սովորական քծնանք՝ ինչ-ինչ անձնական խնդիրներ լուծելու ակնկալիքով: Եվ արդյո՞ք սա նորություն է հայկական հանրային կյանքում: Շատ հեռու չգնանք, հիշենք խորհրդային անցյալը։

ԽՍՀՄ-ն ուներ իր մարքս-լենինյան կոմունիստական գաղափարախոսությունը, բայց ամեն հանրապետություն՝ կախված իր ղեկավարությունից, հասարակական կարծիքից, հնարավորինս, կրկնում եմ՝ հնարավորինս պահպանում էր ազգային ինքնությունը եւ ամբողջովին չէր տրվում կոմունիստական «ինտերնացիոնալիզմի» ցուցումներին: Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում տասնհինգ հանրապետություններից, եթե չեմ սխալվում, տարածքով ամենափոքրն էր: Դիտարկենք Հայկական ԽՍՀ-ի մի քանի առանձնահատկություններ, որոնցով նա տարբերվում էր մյուս «եղբայրական» հանրապետություններից.

– Այսպես, մայրաքաղաք Երեւանից բացի, ինչպիսի անվանումներով քաղաքներ, շրջաններ եւ այլ բնակավայրեր ունեինք, եւ այժմ էլ նրանց որոշ անուններ պահպանված են. Լենինական, Կիրովական, Ազիզբեկով, Կալինինո, Ղուկասյան, Կամո, Մարտունի, Հոկտեմբերյան, Նոյեմբերյան, Ստեփանավան, Բաղրամյան, Գագարին, Չկալովսկ (մինչ այդ էլ թուրքական անվանումներ՝ Ղարաքիլիսա, Բասարգեչար, Դարալագյազ եւ այլն): Չհաշված Ռուսաստանը եւ արեւելյան Ուկրաինան, այլ հանրապետություններում կա՛մ ընդհանրապես չկային նման անվանումներ, կա՛մ ընդամենը մեկ-երկու բնակավայր Կիրգիզիայում՝ Ֆրունզե, Ադրբեջանում՝ Կիրովաբադ, Տաջիկստանում՝ Լենինաբադ, եւ երեւի վերջ:

– Թվարկենք Երեւանի վարչական շրջանները՝ Լենինի, Օրջոնիկիձեի, Բաքվի 26 կոմիսարների, Մյասնիկյանի, Շահումյանի, Սպանդարյանի, Սովետական եւ որպես բացառություն՝ Մաշտոցի (խեղճ Մաշտոց, ինչ շրջապատ էր ընկել):

– Երեւանի հրապարակները կրում էին Լենինի, Ազիզբեկովի, Շահումյանի, Մյասնիկյանի, Սպանդարյանի անունները:

– Երեւանի երկու մեծ կինոթատրոնների անուններն էին՝ Մոսկվա, Ռոսիա:

– Երեւանի գլխավոր պողոտան սկզբում՝ Ստալինի, հետո Լենինի անվան էր (էլ չեմ խոսում մյուս փողոցների անունների մասին): Նույնիսկ Մոսկվայում կենտրոնական փողոցների անուններն էին Գորկի, Արբաթ, Լենինգրադում՝ Նեւսկի, Կիեւում՝ Խրեշչատիկ, Թբիլիսիում՝ Ռուսթավելի:

Արդյո՞ք այս ամենը Մոսկվայից են ստիպել անել ՀԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղարներին, թե՞ վերջիններս հպատակի, ստրուկի հոգեբանությամբ հաճոյացել, քծնել են, որ իրենց քաղցր աչքով նայեն, իսկ իրականում՝ արհամարհեն: Գիտեմ՝ որոշ ընդդիմախոսներ հիմա կզայրանան՝ ասելով, որ ես չեմ հասկանում, որ դրանով առաջին քարտուղարները մտածել են Հայաստանի մասին, Մոսկվայից ֆոնդեր բերել եւ շենքեր կառուցել: Տեսանք այդ շինարարության որակը՝ կառուցված հիմնականում ՀՀ Ազգային հերոս Առաջին քարտուղարի իշխանության տարիներին: 1988թ. երկրաշարժը այդ տարիներին կառուցած շենքերը վերածեց ավազե թմբերի, որի հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվեց ավելի քան 25 հազ. մարդ: Ի դեպ, երկրաշարժից մարդ չի զոհվում, զոհվում են անորակ շինարարության պատճառով: Լավ, սա Հայաստանի ղեկավարությունն էր, բա հասարակությո՞ւնը: Ինչպիսին էին ՀԽՍՀ-ում տարածված անձնանունները՝ Մելս, Մելսիդա, Լենդրոշ, Մառլեն, Նինել, Կիմ, Մյուդ, Լավրենտի, Թելման, Ֆրունզիկ, Շչորս, Լենստաբերիա, Անտիդյուրինգ եւ այլն, եւ այլն: Եթե սրան գումարենք համատարած ռուսացումը, նաեւ մինչ այժմ տարածված պաշտոնական դիմելաձեւը՝ էսինչ էնինչովիչ կամ էնինչովնա (հիշում եմ՝ մանկապարտեզում դաստիարակչուհիներիս՝ Ասմիկ Լեւոնովնա, Սուսաննա Արկադեւնա, Դեզիկ Սարկիսովնա, չգիտեմինչ Ակոպովնա), ապա պատկերը բավականին մռայլ կլինի: Իսկ գուցե մենք նվիրվել եւ հավատացել ենք կոմունիստական գաղափարների, մանավանդ, կարծեմ, ԽՍՀՄ-ում տոկոսային հարաբերությամբ ամենաշատ կոմկուսի անդամներ ՀԽՍՀ-ում էին: Երանի գոնե այդպես լիներ: Այդ ի՞նչ փոխվեց, որ այդ նվիրյալներից ոչ մեկը (թող ինձ ներեն հատուկենտ ծերացած կոմունիստները) գոնե սոցիալիստ չմնաց, էլ լիբերալ, էլ դաշնակցական, էլ նժդեհական, էլ քրիստոնյա-դեմոկրատ, կոմկուսի նախկին հրահանգիչներից ու ԿԳԲ-ականներից ոմանք այսօր թունդ արեւմտամետներ են: Կարծում եմ՝ իրականում ինչպես անձնական, այնպես էլ հանրային մակարդակում իշխել է «դուր գալու», հաճոյանալու, քծնելու հոգեբանությունը: Երեխայիս անունը դնեմ Մելս կամ Սարկոզի, մեկ էլ տեսար՝ մի դեպքում ԽՍՀՄ-ում նրան քաղցր աչքով կնայեն, մյուս դեպքում՝ մեկ էլ տեսար Ֆրանսիայի նախագահը փող տվեց: Արդյո՞ք սա ցույց չի տալիս, որ մենք կամ տգետների կամ հպատակների, միայն նյութական շահ հետապնդող, այսինքն՝ արժանապատվություն չունեցող եւ ազգային անլիարժեքության բարդույթով տառապող հասարակություն ենք:

Արդյո՞ք դրա ապացույցներից չեն.

– Հայաստանում անկախության տարիներին կառուցված եւ գործող, այսպես կոչված, «օբյեկտների» անունները. Ծաղկաձոր մտնելիս աչք է զարնում նորակառույց «Ռոսիա» հյուրանոցը, Գյումրի չհասած՝ ձախից բարձունքին վեր է խոյանում «Ռուբլյովկա» չգիտեմ ինչը (չեմ կարծում, որ Պուտինն է հանձնարարել օբյեկտների տերերին): Քայլեք Երեւանի փողոցներով եւ ուշադրություն դարձրեք տարբեր «օբյեկտների» անուններին: Դուք կգտնեք եվրոպական համարյա բոլոր մայրաքաղաքների անունները եւ հիմնականում՝ լատինատառ: Բա տաքսի ծառայությունների անիմաստ, անգրագետ եւ օտարատառ անվանումնե՞րը: Մտնում ես սրճարան, գնացուցակը միայն անգլերեն է, հարցնում ես՝ ո՞ւր է հայերենը, հետեւում է պատասխանը՝ անգլերեն է, որ հյուրերը հասկանան:

– Հայաստանի անգաղափարական, այսպես կոչված, կուսակցությունների «նվիրվածությունը», քծնանքն ու միաձայնությունը իրենց, որպես կանոն, կիսագրագետ, իրենց նվաստացնող կուսակցապետերի նկատմամբ (աշխատասենյակներում գրասեղանի վերեւում կախված է այսօրվա շեֆի նկարը): Էլ չեմ ասում, որ հիացմունքն ու նվիրվածությունը անընդհատ փոփոխվում են՝ կախված այդ անդամի հերթական կուսակցության կազմում հանգրվանելուց (ի՞նչ գաղափարախոսություն, ի՞նչ բան, հո դու հարիֆ չե՞ս): Եվ այդ նույն՝ իրենց կուսակցապետի առջեւ, արժանապատվության մասին մոռացած, խոնարհված նախարարը, գործարարն իր նվաստացման վրեժը հանում է իր ենթակա-հպատակներից, նույն ձեւով նրանց նվաստացնելով, հայհոյելով, ծեծելով եւ քշելով ընտրությունների: Պատահական չի, որ հրապարակային նվաստացումներից հետո անգամ (…Տիկո, դու պետք է… Դերո, Սեյրան, Իշխան եւ այլն) ոչ մի պաշտոնյա հրաժարական չի տալիս։ Էլ չեմ ասում 2015թ. հրապարակային նվաստացումից եւ անվանարկումներից հետո հայտնի գործարար-քաղաքական գործիչը կարճ ժամանակ անց ժպիտը դեմքին հայտնվեց իրեն նվաստացնողի կողքին: Բայց սրանք բոլորը հանրությանը ներկայանում են որպես «թասիբով», «դուխով» տղերք, իրար հանդիպելուց չլմփոցով համբուրվում եւ ռաբիսի հնչյունների տակ իրար «ցավ են տանում» ու իրար «սրտի մեռնում»:

– Այս նույն հոգեբանությամբ Հայաստանի պետական պաշտոնյաները երջանիկ ժպիտով հաճոյանում են օտար պետությունների ղեկավարներին, այսօր իհարկե՝ հատկապես Ռուսաստանի: Բավական չէր դեռ ԽՍՀՄ տարիներին կառուցված հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հայ եւ ռուս զինվորների հուշարձանը, Պուտինի հերթական այցի ժամանակ Երեւանի կենտրոնում բացվեց հերթական «լացակումած» արձանը, իսկ Գյումրիում կազմակերպվեց ժողովրդի «ինքնաբուխ» հավաքը՝ «Հավերժ միասին» պաստառներով: Բայց վերջերս Հայաստան այցելած Ռուսաստանի կրթության նախարարուհու ընդունելությունը, կարծում եմ, խփեց քծնանքի բոլոր ռեկորդները:

– Ինչպես պատահեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարողացավ գտնել, այսպես կոչված, «Խաղաղության պլատֆորմի» հայ անդամներ: Իսկ հանրությանը հայտնի՞ է արդյոք այլ հայ-ադրբեջանական խաղաղասիրական նախաձեռնությունների մասին, երբ հաճախ հայ «խաղաղարարները» ադրբեջանցիներին քծնելով ղարաբաղյան կոնֆլիկտը «տրանսֆորմացիայի» են ենթարկում: Այդ «խաղաղարարներից» մեկը դիմելով ադրբեջանցիներին՝ հալվելով ասաց. «Նովելլայի միջոցով ես սիրահարվեցի ադրբեջանական ազգին»: (Ի դեպ, Նովելլա Ջաֆարօղլուն Բաքվի կողմից ստեղծված «Խաղաղության պլատֆորմի» հիմնադիրներից է):

– Հայաստանից արտագաղթողները Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու համար պատրաստ են ցանկացած նվաստացումների, նաեւ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր՝ ընդհուպ իրենց թուրքական կամ ադրբեջանական ծագման մասին:

– Եվ վերջապես, առնվազն 19-րդ դարից մեր մեջ մտած տարբեր օտար գործիչներին «հայասեր» համարելը. «մեծ հայասեր» մտավորականներ, կոնգրեսականներ, պատգամավորներ, նույնիսկ ամբողջ ազգեր: Այդպես էլ չհասկացանք, որ որեւէ ազգ, պետություն, գործիչ այլ ազգի չի սիրում, այլ շարժվում է իր ազգային, պետական շահերով: Ազգերն ու պետությունները միմյանց դեմ պատերազմում են, իրար կոտորում, հետո դաշնակցում եւ այսպես շարունակ: Իսկ որեւէ ազգի կամ հարգում են, կամ խղճում եւ արհամարհում:

Արդյո՞ք մեր հիմնական, ժամանակակից տերմինով ասած, հոգեկերտվածքը, ինչպես անհատական, այնպես էլ պետական մակարդակով, դարձել է ամեն գնով հարմարվել, գլուխ պահել, ստորանալ՝ արդարացնելով այս ամենը «մեր ավանդական ընտանիք պահելու» պարտականությամբ:

Հնարավո՞ր է արդյոք փոխել մեր մտածողությունը, վերականգնել գուցե դարերի ընթացքում կորցրած մեր անհատական եւ ազգային արժանապատվությունը: Եթե այս ուղղությամբ աշխատանք չտարվի, ապա, համոզված եմ, ոչ մի իշխանափոխություն, խորհրդարանական կամ նախագահական համակարգ, անդամակցում ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իրավիճակի լուրջ փոփոխությունների չի բերի:

 

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ»

15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    2001-ին, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց Եղեռնը, մի գիւմրեցի իր երկուորեակ որդիներին ԺԱԿ եւ ՇԻՐԱԿ անուանակոչեց։

    Վաղը միւս օրը, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախութիւնը, «Սլաւիկներին» փոխարինելու են «Իլհամիկներն» ու «Ալիեւիկները» 🙂

  2. Լևոն says:

    Լուսավոր մտքեր

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930