Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ էր  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմողը

Նոյեմբեր 16,2017 15:30

Մի անգամ էլ առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն է հատել

Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչությունը հայտարարություն տարածեց՝ կապված ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանի փախուստի գործով: Նա մեղադրվել է եւ դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով եւ 324 հոդվածի 1 մասով:

Թելման Ալավերդյանն ունի բարձրագույն կրթություն, ֆիզիկապես վատառողջ է:

Ըստ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում առկա նրա գործի նյութերի,  զինծառայության ժամանակ նրա մոտ ախտորոշվել է «Մնացորդային երեւույթներ տարած գլխուղեղային տրավմայից հետո, ցրված նեւրոլոգիական սիմպտոմատիկայով գիտակցության կորստի էպիզոդով, չափավոր վազոմոտոր-թաղանթային ցեֆալգիայով, չափավոր ասթենիզացիայով, սկսվող փսիխոօրգանական համախտանիշով» հիվանդությունները, նա ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության՝ պատերազմի ժամանակ:

Թ. Ալավերդյանը 2016թ. ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 22-ը մասնակցել է մարտական գործողություններին, ԼՂՀ Մարտակերտի եւ Ջաբրայիլի շրջանների մարտական առաջնագծի պաշտպանությանը: Նա ամուսնացած է, խնամքին ունի մինչեւ տասնչորս տարեկան մեկ երեխա: Նախկինում դատապարտվել էր տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով, սակայն դատվածությունը չէր հասցրել մարել:

Շենգավիթի դատարանում լսվել էր եւ ավարտվել նրա վերաբերյալ քրեական գործը:  Թ. Ալավերդյանը, ըստ գործի նյութերի, տեղեկանալով, որ «Բավագարմ»  ՍՊԸ տնօրեն Արմեն Վարդանյանը ցանկանում է մսամթերք արտահանել ՌԴ, վերջինիս հայտնել է, թե մաքսային մարմիններում ունի ծանոթներ եւ կարող է էժան գնով կազմակերպել մսամթերքի արտահանումը: 2015թ. դեկտեմբերի 4-ին նա նշյալ ընկերության արտադրամասում Ա.Վարդանյանից ստացել է ընդհանուր 713 կգ քաշով  5.085.000 ՀՀ դրամ արժողության մսամթերք` խաբեությամբ տիրացել ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքին:

Մեկ այլ դրվագով էլ, Թելման Ալավերդյանը 2016թ. մարտի 18-ին Պետրոս Սարգսյանից վերցրել է նրա «Մերսեդես Բենց» մակնիշի 34 CO 118 հաշվառման համարանիշի ավտոմեքենան եւ ուղեւորվել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»,  ավտոմեքենայից հափշտակել Պետրոս Սարգսյանի անձնագիրը եւ այն օգտագործել` հատելով  ՀՀ պահպանվող պետական սահմանը՝  անցել է Վրաստան:

Գործի քննությունն անցել է արագացված ընթացակարգով, քանի որ  Ալավերդյանն ընդունել է իր մեղքը: Դատավոր Ն. Բաղդասարյանը պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ ամբաստանյալ Թելման Ալավերդյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով: Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նաեւ նախորդ` 2014թ. քրեական գործով Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 300.000 ՀՀ դրամը եւ ամբաստանյալի նկատմամբ   պատիժ նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման եւ տուգանք՝  300.000 ՀՀ դրամի չափով: Ազատազրկման ձեւով պատիժը նա  պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով կալանավորման պահից: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված ստորագրությունը չբացակայելու մասին փոխել է դատարանը եւ նա կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:

Դատարանն իր իրավական գնահատականներում ապացուցված է համարել ամբաստանյալ Ալավերդյանի կողմից նրա մեղավորությամբ, առանց սահմանված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, նրա կողմից քաղաքացու անձնագիրը հափշտակելը:

Ամբաստանյալի պաշտպան Ս.Գուլքանյանը դիմել էր վերաքննիչ դատարան, որն այս հոկտեմբերի 27-ին բողոքը մասնակիորեն բավարարել է:

Դատարանը մեկ տարով իջեցրել էր Թ.Ալավերդյանի պատժաչափը, նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել 5 տարի ժամկետով ազատազրկումը: «Բավագարմ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված քաղաքացիական. հայցի մասով կարճել է վարույթը. «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ալավերդյանի կողմից ամբողջությամբ վերականգնվեց տուժող՝ քաղաքացիական հայցվորին պատճառված նյութական վնասը` 5.085.000 ՀՀ դրամի չափով, որի պատճառով վերջինս ըստ էության հրաժարվել է հայցից եւ խնդրել գործը կարճել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Երեք տարի առաջ սեպտեմբերի 16-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955թ. ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը: Սակայն այն կապված էր սեփական առողջության հետ: Ս. Գաբրիելյանը մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ պահպանության պահապանները դատապարտվել են:

 

«Առավոտ»

15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930