Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փողոցում ինձ տեսնելով` Ջեքի Չան անվանեցին»

Նոյեմբեր 16,2017 14:00

Մայքլ Հե. չինամերիկացի, որ շատ է սիրել Հայաստանը

Հայաստանում արտագաղթը, ցավոք, գնալով նոր թափ է առնում, իսկ օտարերկրացիները շարունակում են գալ մեր երկիր, հիացած հեռանալ ու անհամբերությամբ սպասել հաջորդ այցին: Նրանցից մեկը Մայքլ Հեն է: Նա չինացի է, բայց այժմ ապրում եւ սովորում է Ամերիկայում: Մայքլը երկու ամիս ապրել է Հայաստանում: Փորձել ենք պարզել, թե ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակով չինամերիկացի երիտասարդը հայտնվեց Հայաստանում ու ի՞նչ տպավորություններ ստացավ:

«2016 թվականին իմ համալսարանը փոխանակման ծրագիր ուներ, որն էր՝ 2 ամիս աշխատել Հայաստանի Կենտրոնական բանկում, եւ ես գնացի, որովհետեւ նկարներով եւ հոդվածներով Հայաստանն ուղղակի հիասքանչ էր: Հասկացա, որ սա կյանքում միգուցե մեկ անգամ տրվող հնարավորություններից է, եւ ես որոշեցի գալ»,-պատմում է մեր զրուցակիցը:

Հայաստանի մասին առաջին անգամ Մայքլը լսել է իր ամերիկահայ ընկերներից մեկից, ում հանդիպել էր քոլեջի առաջին տարում: Առաջին տպավորությունները դեռ թարմ են: «Ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում առավոտյան ժամը 3-ին, եւ ես օդանավակայանից միանգամից ուղեւորվեցի Դիլիջան: Շատ լուռ ու խաղաղ գիշեր էր, բայց, ինչպես գիտեք, Դիլիջանի ճանապարհը շատ երկար է եւ լեռների միջով, եւ տպավորություն էր, թե ես գնում եմ մի ուրիշ աշխարհ»,-հիշում է երիտասարդը:

Հայաստանում շատ է սիրել բարի մարդկանց, մեր պատմությունն ու մշակույթը, գեղեցիկ բնությունը եւ համեղ ուտեստները: Սակայն Հայաստանում կա նաեւ մի բան, որ մտահոգում է Մայքլին. «Ես հույս ունեմ, որ կնվազի ծխող մարդկանց թիվը, քանի որ ծխախոտը կարող է կործանարար լինել առողջության համար»:

Հայերին համարում է տաք, գրկաբաց ու հյուրընկալ. «Շատ մարդկանց, ում ես հանդիպեցի Հայաստանում, չէին տեսել չինացու, բայց նրանք շատ ընկերասեր էին ու օգնեցին ինձ՝ ավելի լավ անցկացնել իմ օրերը Հայաստանում»:

Հայաստանում անցկացրած երկու ամիսների ընթացքում հետաքրքիր պատմությունների հասցրել է բախվել: «Մի զվարճալի բան եղավ ինձ հետ. մի մարդ, փողոցում ինձ տեսնելով՝ Ջեքի Չան անվանեց: Շատ ուրախ եմ, որ հայերը գիտեն համաշխարհային չինացի կինոաստղ եւ մարտական արվեստների վարպետ Ջեքի Չանի մասին»,-ասում է Մայքլը:

Քանի որ նա Հայաստանում է եղել հունիս-հուլիս ամիսներին, հասցրել է մասնակցել Վարդավառին: «Վարդավառը շատ հետաքրքիր էր, մարդիկ ինձ վրա ջուր էին լցնում: Ինձ անգամ հրեցին-գցեցին Կարապի լիճը, եւ իմ կոշիկը պոկվեց: Դա նորմալ էր, որովհետեւ իմ հայ ընկերներից մեկն ինձ օգնեց մեկ կոշիկով հասնել տուն, չնայած որ գետինը շատ տաք էր»,-ժպտալով պատմում է մեր զրուցակիցը:

Մայքլն ունի YouTube-յան  եւ Facebook-յան էջեր, որտեղ պարբերաբար պատրաստում է հոլովակներ Հայաստանի մասին, որոնց մասին մանրամասնեց. «Նպատակս է այդ տեսանյութերի միջոցով ընկերներիս եւ ընտանիքիս, որոնք երբեք չէին լսել Հայաստանի մասին, դարձնել մասնակիցը այն հիանալի ճանապարհորդության եւ փորձառության, որը ես ունեցա այստեղ»,-նշում է նա:

Մայքլն ասում է, որ իրեն բախտ է վիճակվել Հայաստանում հայ ընկերներ ձեռք բերել. «Մի քանիսի հետ ես կապ եմ պահում մինչ օրս, եւ նույնիսկ հրավիրել եմ նրանցից մեկին, ով եկել եր Ամերիկա: Նա շատ խելացի է եւ հաջորդ տարի պիտի ընդունվի մագիստրատուրա Ամերիկայի համալսարաններից մեկում: Ես նաեւ ունեմ ամերիկահայ շատ ընկերներ Ամերիկայում»:

Չինաստանի ու Հայաստանի միջեւ որոշ նմանություններ է գտել. «Չինաստանն ու Հայաստանը երկուսն էլ ունեն հազարավոր տարիների պատմություն: Նրանք դեռեւս առնչություն են ունեցել Մետաքսի ճանապարհի ժամանակներում: Ես կարծում եմ, որ հայերն ու չինացիները մեծ ուշադրություն են դարձնում ազգային ավանդույթների պահպանմանը եւ արժեւորում ու հոգ են տանում ընտանիքի մասին: Հայերն ու չինացիները մեծ նշանակություն են տալիս խաղաղությանն ու ներդաշնակությանը հասարակության մեջ»:

Մայքլը պատմեց նաեւ, որ իր 80-ամյա պապիկը 1950-ականներին սովորել է Ռուսաստանում եւ այդ ժամանակ ուսումնասիրել է Երեւանը. «Զարմանալիորեն նա ավելի շատ բան գիտի Հայաստանի մասին, քան ես եւ ծնողներս»:

Չինամերիկացի երիտասարդին հետաքրքրել է նաեւ հայերենը. «Ես հայերենի դասերի էի գնում, որ սովորեմ, բայց դա բավականին բարդ էր: Շատ դժվար էր հիշել բառապաշարն ու ճիշտ գրելաձեւը»: Նա, այնուամենայնիվ, հայերեն մի նախադասություն ընկերոջ օգնությամբ սովորել է, որն էլ ձայնագրված ուղարկեց մեզ. «Բարեւ Ձեզ, ես Մայքլն եմ. չինամերիկացի, որը ապրել է Հայաստանում: Ես շատ եմ հավանել Հայաստանը եւ հուսով եմ, որ շուտով կվերդառնամ»:

 

ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930