Օրերս Հայաստանում ֆրանսիական համալսարանում բացվեց UFAR EL Teaching And Testing Cambridge Assessment English հավաստագրված կենտրոնը, ինչի արդյունքում ՀՖՀՀ-ին ընձեռվում է հնարավորություն կազմակերպել եւ իրականացնել Cambridge Assessment English-ի առաջարկած քննությունների գրեթե ողջ գունապնակը: Կենտրոնն իր ծառայություններով եւ ծավալած գործունեությամբ հասանելի է լինելու ոչ միայն ՀՖՀՀ ուսանողներին, այլեւ բոլոր հետաքրքրված անձանց եւ օտարերկրացիներին: Կենտրոնի բացմանը ներկա էր Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ներկայացուցչական գրասենյակի բիզնես-զարգացման աջակցության պատասխանատու Լիլի Մարենցին: Նա նշեց. «Cambridge Assessment English առաջարկած քննությունները ներկայումս ճանաչվում են աշխարհի 20,000-ից ավելի կազմակերպությունների, բուհերի եւ այլ հաստատությունների կողմից, եւ հատկանշական է, որ սույն ցուցանիշն աճի միտումներ ունի: Ներկայիս գլոբալ աշխարհում՝ ուր պետությունների եւ ազգերի միջեւ գոյություն ունեցող անջրպետներն անէանում են, ավելի ու ավելի է կարեւորվում օտար լեզուների իմացությունը, եւ իմացությունից զատ, նաեւ համապատասխան փաստաթղթավորված հենքի առկայությունը, որը բազմաթիվ հնարավորություններ կընձեռի համաշխարհային աշխատաշուկայում ուրույն տեղ զբաղեցնելու համար»:
Կենտրոնի ղեկավար Զարուհի Սողոմոնյանի խոսքերով՝ այս նախաձեռնությամբ, որը կյանքի կոչվեց ՀՖՀՀ ռեկտոր՝ դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի աջակցությամբ, Ֆրանսիական համալսարանի ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն բուհն ավարտելիս ունենալ միջազգային ճանաչում ունեցող երկու վկայական՝ ֆրանսերենի DELF եւ Cambridge Assessment English-ի որեւէ մակարդակի վկայական: Ընդ որում, ֆրանսիական DELF վկայականը ուսանողները ստանում էին մինչեւ այդ կենտրոնի բացվելը, իսկ կենտրոնի բացվելուց հետո ստանալու են անգլերեն վկայական եւս: Ինչպես իր խոսքում նշեց Զ. Սողոմոնյանը, ՀՖՀՀ-ն այդ քննությունների ներդրմամբ նաեւ ուսանողներին լիիրավ հնարավորություն է ընձեռել ընտրել, թե ինչ մակարդակի քննություն են ցանկանում հանձնել: Անգամ եթե ուսանողի պատկերացմամբ իր ընտրած քննության մակարդակն էապես տարբերվում է իր իրական մակարդակից, խորհրդատվական գործունեությունից զատ, դասավանդող անձնակազմը միջամտություն չի ունենում: «Շատ կարեւոր է ուսանողին տալ հնարավորություն ընտրություն կատարել իր սեփական նախասիրությունների, ապագայի տեսլականի եւ նախորոշված ուղուն համապատասխան: Թյուր է կարծիքը, թե ուսանողներն իրենք էլ չգիտեն՝ ինչ են ցանկանում: Իհարկե, կան եւ այդպիսիք, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները միշտ աչքի են ընկել խիստ արտահայտված անհատականությամբ եւ իրենց կրթական ու մասնագիտական առաջընթացը տնօրինելու վճռականությամբ: Ուսանողների հետ տարվող հանդիպումների ժամանակ մենք փորձում ենք մատնանշել այն հանգամանքները, որոնք ուսանողները պետք է հաշվի առնեն այս կամ այն մակարդակի քննությանը նախապատրաստվելու եւ այն հանձնելու համար»,-հավելեց նա:
Այս նորամուծությամբ ՀՖՀՀ-ն լուծում է մի քանի խնդիր. մասնավորապես այն, որ 4-րդ կուրսի առաջին կիսամյակի անգլերենի քննությունների արդյունքով լավագույն 100 ուսանողներին հնարավորություն է ընձեռվում անվճար (ՀՖՀՀ-ն կհոգա քննության ծախսերը) հանձնել Cambridge English Assessment-ի իրենց ընտրած մակարդակի քննություն: Ոչ պակաս կարեւոր է այն, որ շատ հաճախ աշխատանքի ընդունվելիս գործատուներն ուսանողների շրջանում անց են կացնում անգլերենի գիտելիքների մակարդակը ստուգող թեստեր, որոնք, սակայն, չեն կարող ամբողջական պատկերացում տալ ուսանողների մակարդակի մասին, քանզի դրանք հիմնականում կամ վերցված են լինում համացանցային հաճախ ոչ մասնագիտական միջավայրից, կամ կազմված են լինում ոչ մասնագետների կողմից: Նորամուծության արդյունքում փոփոխությունների է ենթարկվել նաեւ 4-րդ կուրսի ուսանողների անգլերենի առարկայական նկարագրերի բովանդակությունը՝ մասնավորապես այն, որ երկու կիսամյակ ուսանողներին նախապատրաստելու են իրենց իսկ ընտրած քննություններին: «Սա եւս բացառիկ հնարավորություն է մեր ուսանողների համար, որովհետեւ բուհն ավարտելուց հետո նրանք ստիպված չեն լինի հավելյալ գումարներ վճարել վերոգրյալ քննություններին նախապատրաստվելու համար»,-հայտնեց Զարուհի Սողոմոնյանը:
ՍՈՒՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ»
15.11.2017