«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկոտ օրինագիծը, որը մինչ օրս հանրային քննարկման էր դրված հենց այդ անվանումով, վաղը Կառավարության հաստատմանն է ներկայացվելու նոր անվանումով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը: Նրան անհանգստացնում է այն փաստը, որը անվանման փոփոխությունը չի բխում խնդրի լուծումից: Մեր զրուցակիցը նկատեց, որ մասնավորապես «ընտանեկան բռնություն» եզրույթը փոխվել է «ընտանիքում բռնության» եզրույթի, իսկ ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության մասին անվանման մեջ խոսք չկա:
«Ստացվում է, որ ընտանիքի ինստիտուտի հետ կապված խնդիր է առաջանում: Հիմնական խնդիրը բռնության ենթարկվածներին աջակցություն տրամադրելու հարցն է, ինչն օրենքի անվանումը բացառում է: Մինչդեռ կարեւոր է, որ օրենքի անվանումը եւ բովանդակությունը համահունչ լինեն իրար, իսկ այսպես խաբկանք է ստեղծվում»,-նկատեց Զառա Հովհաննիսյանը:
Նա «ընտանիքում համերաշխության վերականգնման» եզրույթը ծիծաղելի եւ զավեշտալի է որակում եւ հարցադրում անում՝ պարզ չէ, թե ինչ է նշանակում «համերաշխություն», կամ՝ ո՞վ ու ինչպե՞ս է այն հաստատելու: «Նման սցենար եղավ «Գենդերային հավասարության մասին» օրենքի ընդունման ժամանակ, երբ 2013թ.-ին ԱԺ մտած օրինագծի անունը փոխվեց՝ դառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենք»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ՝ ընտանեկան բռնությունը կանխարգելելուն միտված օրինագիծն առաջնահերթ պաշտպանելու համար է եւ պետք է ենթադրի բռնության ենթարկվածներին տրամադրվող աջակցություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ