Լրահոս
Օրվա լրահոսը

«6-րդ դասարանի երեխայի պայուսակը կշռում է 5.2 կգ՝ փամփշտակալով լիցքավորված ԱԿՍ 74 ինքնաձիգի չափ». Հարց՝ ԿԳ նախարարին

Նոյեմբեր 15,2017 20:30

ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը կշռել է դպրոցական երեխաների պայուսակները եւ պարզել, թե որքան ծանր են դրանք:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին ասաց. «Հետազոտություն եմ արել, որի արդյունքները ուզում եմ ձեզ ներկայացնել՝ իմ եւ իմ ընկերների երեխաների դպրոցական պայուսակներն եմ կշռել՝ մոտ 15-20 երեխայի: 12 տարեկանի՝ 6-րդ դասարանի պայուսակը կշռել է 5 կգ 200 գրամ՝ առանց հավելյալ պարագաների՝ սպորտի եւ այլն: Որպեսզի պարզ լինի դա ինչ քաշ է, 6-րդ դասարանի երեխայի համար, ասեմ՝ ճիշտ այդքան՝ 5.2 կգ կշռում է ԱԿՍ 74 ինքնաձիգն ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան էլ ամրակցված 40 մմ-անոց «ՌՊ» նռնականետը՝ նռնակն էլ մեջը»:

Նա ասաց, որ ուսումնասիրել է նաեւ շուկայում առկա ուսապարկերը եւ պարզել, որ ցածր գին ունեցող ուսապարկերը հարմար չեն եւ բեռը ուսերից մինչեւ կոնքամաս համաչափ չեն բաշխում:

Եվս մեկ ուսումնասիրությամբ պատգամավորը պարզել է, որ երեխաները համակարգիչների ու պլանշետների դիմաց անցկացնում են մինչեւ 6 ժամ, ուստի հարցրեց, թե ե՞րբ պետք է այդ 5.2 կգ քաշով գրքերը տեղափոխվեն պլանշետի մեջ, ե՞րբ են դասագրքերը թվայնացվելու:

Լեւոն Մկրտչյանը հիշեց իր մանկությունը եւ ասաց, որ միշտ էլ այդ 5.2 կգ-ը վերականգնվել է: Ինչ վերաբերում է պլանշետներին՝ նախարարն ասաց, որ երբ դպրոցում առարկայական ճյուղավորումը սկսի, աշխատում են պլանշետային համակարգը ներդնել: Հիմա բանակցում են «Սամսունգի» հետ, բայց մասնավոր ներդրում է պետք. «Չենք կարող ծնողների վրա այդքան մեծ բեռ դնել»:

1-4-րդ դասարանցիների համար խորհուրդ չեն տալիս էլեկտրոնային կրթության անցնել, տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվել, գտնում են, որ երեխան պետք է առնչվի թղթային տարբերակով տետրի, գրքի հետ: Իսկ անցումը էլեկտրոնային կրթության
ծախսատար է, պետք է տեխնիկական հագեցվածությունը քայլ առ քայլ անել, որ երեխաները կարողանան պլանշետով գնալ դպրոց՝ դասագրքերը թողնելով տանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տաթևիկ says:

    Բայց ո՞վ ասաց; թե ծնողները ցանկանում են` երեխաներն անցնեն էլէկտրոնային ուսուցման։ Մեծամասնությունը դեմ է դրան։ Թե նոր պլանշետներ են ներկրվելու; պահանջարկի կարիք կա գուցե…………

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930