Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի գործով վճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին

Նոյեմբեր 15,2017 20:20

Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 29-ին:

Այսօր դատարան չէին ներկայացել ոչ հայցվորի, ոչ էլ պատասխանողի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված ոստիկանության համակարգում բարեփոխումների վերաբերյալ հարցին ու դիտարկմանը, թե «Խոսքից այն կողմ գործ չենք տեսնում», Վլադիմիր Գասպարյանը լրագրողին պատասխանել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Լրագրողն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջում է պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ

հաստատել իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ գենդերային խտրականության ենթարկվելու փաստը:

«Դատաքննության ամբողջ ընթացքում պատասխանող կողմը շրջանցել է այն հարցը՝ ոստիկանապետի կողմից լրագրողին ուղղված վիրավորանք եղե՞լ է, թե՞ ոչ: Ոստիկանության պատասխանով՝ լրագրողը ոստիկանապետին տվել է «սադրիչ հարց» և ստացել է «համարժեք պատասխան: Հակառակորդ կողմի պնդմամբ, հնարավոր է այդ արտահայտությունը վիրավորանք է առանձին վերցված, բայց ոչ կոնկրետ հայցվոր կողմի դեպքում»,- Aravot.am-ին ասաց լրագրողի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը:

Ըստ նրա՝ իրենք ներկայացրել են բոլոր ապացույցները, որոնք փաստում են, որ ոստիկանապետը վիրավորել է լրագրողին. «Մենք հավաքագրել էինք դեպքի տեսանյութերը, սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերի հայտարարություններ, որ դա վիրավորող է, տեղեկատվության ազատության կենտրոնի, ինչպես նաեւ տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից արձանագրված եզրակացությունը այդ արտահայտության վիրավորական լինելու վերաբերյալ: Բազմաթիվ ապացույցներ ունենք գործում, որ դա վիրավորող է, ու հասարկությունը չի հանդուրժում այդ հայտարարությունը:

Եվ «քո մեջ կին չեմ տեսնում» արտահայտությունը չի կարող չլինել վիրավորական: Կարծում ենք, որ ապացույցների փաստական այս շղթան դատական այլ ակտ չի հայցում, քան բավարարելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930