Ինչպե՞ս պատահեց, որ մեր ժողովրդին պատկանող ՀՀ-ի սեփականությունն ու հարստությունը հանդիսացող գազատար խողովակի եւ այդ կազմակերպության 20 տոկոս բաժնեմասը շատ չնչին, անտրամաբանական գումարով վաճառվեց «Գազպրոմին»՝ ի դեմս այն ժամանակվա ղեկավարներից մեկի՝ նույն գործող վարչապետ Կարեն Կարապետյանի:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այս հարցն ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա ասաց, որ չնայած մեր գազատարն ու բաժնեմասը չնչին գումարով ծախել է, հիմա էլ փոքր ու միջին բիզնեսի կաշին քերելով հարկ են հավաքում:
Նա պատասխանեց. «Գործարքը համարում եմ տրամաբանական, որովհետեւ այդ ժամանակ ինչ գնով դա վաճառվել է, եղել է շուկայական գին: Մենք պետք է ֆիքսենք, որ դրա դիմաց «Գազպրոմ Արմենիան» որեւիցե ցենտ դիվիդենտ ՀՀ-ից չի հանել, ավելին՝ 1 մլրդ դոլար ներդրում է արել ՀՀ-ում»: Նա ասաց, որ գործարքի չափը չի հիշում, բայց հավատացրեց՝ այն դիվիդենտները, այն շահույթը, որ ՀՀ-ն ստացել է այդ գործարքից, շատ ավելի շատ է:
Ուրիխանյանը գործարքի գումարը հիշում էր: Նա ասաց՝ ընդամենը 300 մլն-ի մասին է խոսքը գնում: Վարչապետը հակադարձեց՝ «ֆանտաստիկ մեծ 300 մլն-ի». «Բիզնեսի հետ քիչ թե շատ առնչվող մարդը կարող է հաշվարկել, թե ինչ շահույթ պետք է այդ ընկերությունն ունենա: Բազմաթիվ գործարքներ կան, որ 1 դոլար են վաճառում»: Նա ասաց, որ Գազպրոմ Արմենիան թափանցիկ հաշվետվություն է տալիս, նման շահույթներ չունեն. «Ես պնդում եմ՝ 300 մլն-ով որեւիցե մեկը երկրագնդի վրա 20 տոկոսը չէր առնի, որովհետեւ ինքը դրա դիմաց դիվիդենտ չէր ստանա»:
Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, վարչապետը պատասխանեց. «Որեւիցե մեկը քաշին քերելու նպատակ չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ