Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետի խոսքերը հիշեցրեց, որ պետք է փոքր ու միջին բիզնեսը շնչի: Ըստ նրա, վարչապետի ենթակաները դա ուղիղ իմաստով են հասկացել՝ թողնում են միայն շնչել:
Նա հարցրեց նաեւ «Առինջ մոլի» առեւտրականների խնդրի մասին, որոնց «հարկային տեռորի» են ենթարկում: Պարզվեց՝ վարչապետը պատրաստված եկել էր, ծոցագրպանից հանեց թղթերը եւ ներկայացրեց որոշ թվեր. «Մենք ասել ենք՝ փոքր ու միջին բիզնեսին մինչեւ 110 մլն շրջանառության պարագայում պարզեցված հարկ ենք տալու, բայց այդ պարագայում ինքը պետք է բիզնեսը հաշվառի: «Առինջ մոլում» գործում է 740 սուբյեկտ, որից 157-ի շրջանառությունը մինչեւ 1 մլն է, 208-ինը ՝ 1-3 մլն է, 204-ը՝ 3-5 մլն է, 140-ը՝ 5-10 մլն, 30-ինը՝ 10-20 մլն, 7-ինը՝ 20-30, 50 մլն ավելի շրջանառություն ունեցող մեկ սուբյեկտ կա: Մենք ասում ենք՝ գալիս ենք հաշվառենք, եթե դուք այս թվերն եք, ձեր մոտ որեւիցե բեռ չի ավելանալու: 748 սուբյեկտների մեջ աշխատողների թվաքանակը 338 է, մի կառույցում 0,4 մարդ է աշխատում: Մենք պատրաստ ենք, եթե դուք օրենք ընդունեք, որ պիտի չստուգեք, հաշվառում չանեք…խոսքը գնացել է նրա մասին, որ ՀԴՄ-ները պիտի խփեք, հաշվառեք: Եթե այլ վիճակագրություն այդ ընթացքում դուրս գա, որ շատերը 110 մլն-ից դուրս են գալիս, ձեր ձեռն ա, եկեք շեմը փոխեք, ձեր ձեռն ա, կուզեք՝ հայտարարեք, որ Առինջ մոլը կամ այսինչ մոլը եկեք չստուգենք: Իսկ դուք ասել եք՝ հաշվառում արեք, որ ամբողջ բիզնեսի շղթան հասկանանք: Մենք դա ենք անում՝ ընդամենը»:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց, որ եթե ամեն ինչ նորմալ է, այդ մարդիկ ինչո՞ւ պիտի բողոքեին.: Ըստ նրա, հատուկ «Առինջ մոլին» են թիրախավորել եւ անհանգստացնում. «Ձեր ասած պայմաններում ես պատրաստ եմ հիմա Առինջ մոլում աշխատելու: Եթե միայն հաշվառման համար է, ես ձեզ խոստանում եմ, որ այդ մարդիկ միայն հաշվառման համար բողոք չեն բարձրացնի»:
Վարչապետը պատասխանեց, որ շատ անտրամաբանական է՝ մենք ինչո՞ւ պետք է մտնենք հատուկ Առինջ մոլ, Փեթակ մոլ կամ այլ մոլ, ինչո՞ւ պետք է հատուկ վերաբերմունք ունենանք այդ մոլի նկատմամբ, նպատակը ո՞րն է, կարո՞ղ եք ասել:
Նպատակների մասին պատգամավորը խոստացավ առանձին զրույցում ասել ու խոսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ