«Վարչապետին կից՝ կառավարությունում շուրջ 20 խորհուրդներ են գործում՝ գիտատեխնիկական, գործարարության աջակցման խորհուրդ, կայուն զարգացման ազգային խորհուրդ, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ, ՓՄՁ-ների զարգացման եւ բացում այլ խորհուրդներ: Եվ ամենազավեշտալին այն է, որ ձեր պաշտոնավարման օրոք այս խորհուրդներից որեւէ մեկը նիստ չի գումարել, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչո՞ւ է այդպես»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Խորհուրդները ստեղծվել են վաղուց: Մենք այսօր քննարկում ենք այդ խորհուրդների լինել-չլինելու հարցը: Գտնում ենք, որ շատ խորհուրդներ դրանցից չեն լինելու: Իրենց առկայությունը բյուջետային որեւէ ծախս չի պահանջում»:
Էնֆիաջյանը նաեւ դժգոհեց, որ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ալիք են բարձրացրել, բայց կառավարությունը նրանց չի լսում:
Կարեն Կարապետյանն էլ պատասխանեց. «Նու, դա ձեր կարծիքն է, որ չի լսում»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ վարչապետին հարցրեց. «2017-ի հունիսի 29-ի կառավարության նիստի ընթացում դուք ՊԵԿ-ի նախագահին հանձնարարել եք, որ ստուգումները կասեցվեն մինչեւ ընթացիկ տարվա ավարտը: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2016-ի մարտի 10-ի որոշման համաձայն, որով հաստատվել է ՊԵԿ-ի կանոնադրությունը, ՊԵԿ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունը վերապահված է վարչապետին, վերջերս մամուլը ողողված է ՊԵԿ-առանձին աշխատակիցների վայրագությունների մասին նյութերով: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց վերաբերմունքը՝ փողոցում մարդկանց վրաերթի ենթարկելով, անձնական խուզարկություն կատարելով, ապօրինություններով կատարում են իբրեւ թե ստուգումներ»:
Վարչապետը պատասխանեց. «Վայրագությունների վերաբերյալ վերաբերմունքս բացասական է: Եթե կա նման դեպք, պետք է հետաքննվի եւ համապատասխան գնահատական տրվի: Եթե հարցը «Առինջ մոլին» է վերաբերվում, ասեք՝ պատասխանեմ»:
Կարեն Կարապետյանն ասաց դեպքը իրեն հետաքրքրում է, համապատասխան մարմինները զբաղվում են. «Երբ որ ապացուցվի վայրագությունը, վայրագն իր մեղքը կստանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ