Այսօր ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց Երեւան-Աշտարակ մայրուղու բետոնե հատվածի հետ կապված, թե ե՞րբ են շահագործման հանձնելու այն կամուրջները, որի հետ կապված ՀՀ նախագահը հստակ հանձնարարական է տվել:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ալիկ Սարգսյանը ԱԺ հանձնաժողովի նիստում դժգոհել էր, որ այս ճանապարհին շատը վթարներ են լինում եւ դրա պատասխանատուն բոլորովին էլ ոստիկանությունը չէ: Նա հորդորել էր, որ համապատասխան մարմնին «բերեն մեջտեղ, թող պատասխան տա»:
Այսօր էլ հարցն ուղղեց նախարարին, թե վթարների ո՞ր մասն է ՃԵԿ կանոնների խախտումներից լինում եւ որ մասը՝ երթեւեկության սխալ կազմակերպման պատճառով լինում:
Նախարարը պատասխանեց, որ այնտեղ ակտիվ շինարարություն է գնում եւ ավարտը կլինի նոյեմբերի 30-ին: Հյուսիս-Հարավ ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է եւ շինաշխատանքներ են կատարվում. «Բոլոր շինաշխատանքները կատարելիս համաձայնություն ստանում ենք ճանապարհային ոստիկանության հետ, տեղադրում ենք նշաններ եւ երթեւեկությունը կազմակերպում այլ ուղղություններով»:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ գրավոր կներկայացնի իր վերլուծությունը, թե ինչու են վթարները լինում՝ անդառնալի կորուստներով: Նախարարը պատասխանեց, որ վթարները հիմնականում լինում են ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու պատճառով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ