Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանն ապօրինություն է անում․ փաստում են Շիրակի մարզպետարանից ստացված փաստաթղթերը

Նոյեմբեր 15,2017 17:51

Ինչպես անդրադարձել ենք՝ Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի 56 շենքի կողքին գտնվող կանաչ տարածքում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը (շինարարների ու բնակիչների պնդմամբ՝ տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը) խանութ է կառուցում։ Ու չնայած մեր հրապարակումից հետո Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը գրություն էր հասցեագրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում ապօրինի կառուցապատողին ենթարկել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության, միաժամանակ նշված շինարարությունը կասեցնել և քանդել, սակայն կառուցապատված հատվածը դեռ քանդված չէ։

Aravot.am-ի «Գյումրու քաղաքապետը դատախազի պահանջը դեռ չի կատարել» հրապարակումից անմիջապես հետո պարզվեց, որ Գյումրու քաղաքապետարանը բացարձակ մտադրություն չունի քանդել կանաչ տարածքում ընթացող կիսակառույց խանութը։ Գյումրու քաղաքապետարանի մամլո ծառայությունը մեզ ուղարկել էր պարզաբանում, որտեղ նշված էր, թե դա ոչ թե կանաչ տարածք է, այլ հասարակական նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված վայր։

Նման պարզաբանում ստանալուց հետո մեր խմբագրությունը տեղեկատվություն ստանալու հարցում ուղարկեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ խնդրելով փաստել իր ասածը։ Այսինքն՝ մեզ տրամադրել Գյումրու նորակառույց «Մուշ-2» թաղամասի կառուցապատման սխեմայի 56 շենքին կից հատվածի դրվագը՝ կառուցապատվող հողամասի նշումով, որով պարզ կդառնա՝ այն կանաչ տարա՞ծք է, թե՞ հասարակական նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված վայր, ինչպես որ պնդում է պարոն Բալասանյանի մամլո ծառայությունը։ Տեղեկատվություն ստանալու մեր խնդրանքը ուղարկվել է ուրբաթ օրը, այսօր լրացավ ՏԱ օրենքով գրավոր պատասխան տալու համար սահմանված 5- օրյա ժամկետը, սակայն դեռ պատասխան չենք ստացել։

Նույն հարցումը ուղարկել էինք նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին՝ նաև հետաքրքրվելով, թե «Մուշ-2» թաղամասում, որը կառավարության որոշմամբ քաղաքաշինական գործունություն ծավալելու առումով ճանաչված է որպես հատուկ կարգավորվող տարածք, շինարարություն սկսելու կամ շարունակելու համար եղե՞լ են համաձայնեցումներ համապատասխան կառույցների՝ Շիրակի մարզպետարանի և ՀՀ քաղաքաշինական կոմիտեի հետ։

Շիրակի մարզպետարանը երեկ ուղարկել էր մեզ պատասխան՝ հստակ նշելով, որ այդ տարածքում, որտեղ Գյումրու քաղաքապետարանը ինքնակամ կառույցի շինարարությունը շարունակելու համաձայնեցում է տվել, կանաչ տարածք է։ Կից հրապարակում ենք Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի կողմից մեզ հղված գրությունները։ Ի դեպ, այս մասին Շիրակի մարզպետին հարցում է կատարել նաև Շիրակի ոստիկանապետ Ա Կարապետյանը։ Շիրակի մարզպետարանից մեզ նաև պարզաբանել են, որ որևէ համաձայնեցում չի եղել ո՛չ իրենց կառույցի, ո՛չ էլ քաղաքաշինական կոմիտեի հետ։

Հարկ ենք համարում հրապարակել նաև Գյումրու քաղաքապետարանի մամլո ծառայության Aravot.am-ին ուղարկած պարզաբանումը, որին, ի դեպ, կցված են նամակներ առ այն, որ «Մուշ-2» թաղամասի բնակիչները Գյումրու քաղաքապետին աղերսում ու պաղատում են շարունակել կիսատ թողնված ինքնակամ կառույցի շինարարությունը (Տես նամակները)։

Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայության՝ մեզ հասցեագրված պարզաբանման մեջ նշվում է․«Ի պատասխան Aravot.am կայքում տեղադրված «Գյումրու քաղաքապետը դատախազի պահանջը դեռ չի կատարել» հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանձնարարականով, քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից կանխվել են «Մուշ 2/2» թաղամասի 56 շենքի հարակից տարածքում իրականացվող շինաշխատանքները: Հայտնաբերվել է ինքնակամ շինաշխատանքներ իրականացնող անձը, ով ոչ թե քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն է, այլ մեկ այլ անձ՝ Գյումրու բնակիչ Կարապետ Սիմոնյանը: Վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության: Իրականացված միջոցառումների մասին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացվել է համապատասխան գրությամբ:

Քանի որ կիսակառույց շինությունը գտնվում է համայնքապատկան հողի վրա, դրա նկատմամբ համայնքի կողմից ճանաչվել է սեփականության իրավունք: Շինաշխատանքները իրականացվել է ոչ թե կանաչ, այլ՝ հասարակական նշանակության շինություն կառուցելու համար նախատեսված վայրում, ուստի ՀՀ կառավարության 912 N որոշման համաձայն՝ Կարապետ Սիմոնյանին առաջարկվել է գնել իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքի սեփականություն ճանաչված կիսակառույց շինությունն ու հողամասը: Կարապետ Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը և համայնքից գնել ինքնակամ շինությունն ու հողամասը, միաժամանակ պարտավորվել՝ նախագծի համաձայն շինարարությունը հասցնել ավարտին:

Շինությունը քանդել քաղաքապետարանը նպատակահարմար չի գտել, քանի որ նորակառույց «Մուշ 2/2» թաղամասի տվյալ հատվածում բացակայում են առևտրի և սպասարկման ենթակառույցները, բացի այդ՝ քաղաքապետարանը տվյալ թաղամասի բնակիչներից դիմում խնդրանքներ է ստացել՝ թաղամասի այդ հատվածում խանութների համալրման խնդրով:

Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ․Գ․ Չենք բացառում, որ այդ տարածքում, իրոք, առևտրի ու սպասարկման օբյեկտ կառուցելու անհրաժեշտություն կա, սակայն կառուցապատման սխեմայում, որն, ի դեպ, մենք արդեն ուսումնասիրել ենք, սակայն այն պահանջում ենք նաև Գյումրու քաղաքապետից հրապարակման համար, հստակ նշված են այն վայրերը, որտեղ կարելի է հասարակական նշանակություն ունեցող օբյեկտ կառուցել, իսկ տվյալ տարածքը կառուցապատման սխեմայում որպես կանաչ տարածք է ներկայացված։ Մեզ չի հետաքրքրում նաև այն, թե ո՞վ է կառուցապատողը՝ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պե՞տը, Գյումրու քաղաքապետի որդի՞ն, թե ասենք՝ Կարապետ Սիմոնյանը։ Խնդիրն այն է, որ խանութ է կառուցվում կանաչ տարածք ոչնչացնելու հաշվին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930