«Պատկերը սա է՝ մարդիկ գնում են Վրաստանից են թռնում, որովհետեւ տարբերությունը այնպիսին է, որ մարդկանց ձեռք է տալիս նստել տաքսի, գնալ Թբիլիսիից թռչել»,- այսօր ԱԺ-ում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նա հարցրեց՝ ի վերջո ՀՀ կառավարությունը գո՞հ է ավիատոմսերի գներից, այսօրվա վիճակից եւ ի՞նչ է անում այս ուղղությամբ: Գաբրիելյանը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ այսօր «Պոբեդան» Մոսկվա թռչում է 17 հազար դրամով: Դուք կարող եք այսօր գրանցվել, մոտակա շաբաթների համար այդ գինն է, հավատացնում եմ ձեզ, որ դա ավելի քան մրցակցային գին է»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ քաղավիացիայի խնդիրներին: Նա ասաց, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանից իրականացվում է շաբաթական 206 չվերթ, որի կեսը՝ 53 տոկոսն իրականացնում են ռուսական ավիաընկերությունները՝ ՌԴ ուղղությամբ: Միայն Մոսկվայի ուղղությունը 39 տոկոս է: Գյումրիից բացառապես ՌԴ են թռչում. «Արդյոք ՀՀ-ում կա՞ հայկական ավիաընկերություն: Կա՝ «Արմենիա» անունով, Մոսկվա ոչ մի թռիչք չունի: Որպես տրանզիտ ոչ մի ուղղություն չունի, ուր թռնում է՝ փակուղային տեղեր են: Այսինքն, շուկան մոնոպոլիզացվել է: Մեզ մոտ ռուսական ավիաընկերությունները ընդհանուր ավիաընկերությունների թվի մեջ կազմում են 25 տոկոս՝ տիրապետելով 53 տոկոսի»:
Ըստ Փաշինյանի, սեզոնային միտում կա, որ մարդիկ նախընտրում են Վրաստանից թռիչքներ իրականացնել: Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը 2011-ին հայտարարել է, որ ինքը լինելու է Հայաստան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը. «Փաստացի Սերժ Սարգսյանը դարձել է հայկական ավիացիայի վերջին ուղեւորը, որովհետեւ թերեւս իր ինքնաթիռը միակն է, որի վրա հայկական ատրիբուտիկան կա»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց Փաշինյանին. «Չե՞ք կարծում, որ այդ օդի վարձն էլ հանվի՝ մեր ավիատոմսերն այնքան թանկ են, որ դա ընդամենը պատճառաբանություն է: Մեր նվաստացուցիչ նեգրի ռեյսերը, որով եվրոպական օդանավակայաններ իջնում ենք կամ գիշերը 4-ին, կամ 4.30, իսկ տոմսերը, օրինակ` Փարիզից մի քանի անգամ ավելի էժան են եւ սպիտակ մարդու ռեյսեր են՝ ցերեկվա ռեյսեր: Իսկ մեր չվերթները, տոմսերը մի քանի անգամ ավելի թանկ են, բայց նեգրի ռեյսեր են՝ գիշերվա: Մենք ունենք ամենաամոթալի ավիացիոն քաղաքականությունը»: Փաշինյանը համաձայնեց, որ այդ պրոբլեմը կա, թեեւ ասում են, որ ճկուն քաղաքականություն են վարում, բայց չեն ասում, որ մեր չվերթները գիշերվա են հիմնականում եւ դրա համար ՀՀ ուղեւորները զեղչ չեն ստանում:
Փաշինյանը ԱԺ պատվիրակությունների չվերթները օրինակ բերեց. «Մեր պատվիրակությունները հիմնականում Փարիզ թռչում են Մոսկվայում, մի շարք անհարմարություններ կան»: Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում հավելեց, որ մեզ մոտ «ամենաէլիտնի» գներն են, բայց դրա դիմաց ստանում են շատ վատ սպասարկում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ