Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը նոյեմբերի 15-ին պաշտոնապես կմեկնարկեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով։ (Ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը):
Նույն օրը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում կբացվի ժամանակակից խաչքարերի ցուցահանդես ( ցուցադրվող խաչքարերից մեկը կնվիրաբերվի հայկական եկեղեցուն.ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 22-ը ), ելույթ կունենա «Հովեր» երգչախումբը:
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (գործերը՝ Ռուսաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից. ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը) :
Նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի և Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցեն նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Սիրանուշ Գասպարյանը, Գևորգ Հակոբյանը և Միհրան Աղաջանյանը: Համերգի հատուկ հյուրն է Վլադիմիր Սպիվակովը:
Նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը կանցկացվի «Հայաստանի տարրեր» խորագրով համերգային ծրագիրը` Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետի, դուդուկահարներ Ջիվան Գասպարյան ավագի և կրտսերի, Գևորգ Դաբաղյանի, Նորայր Քարտաշյանի (բլուլ) մասնակցությամբ: Ծրագիրը կուղեկցվի Աննա Ամասյանի ավազե պատկերներով:
Ծրագրի շրջանակում նոյեմբերի 20-ից մինչև 24-ը Մոսկվայում կկազմակերպվի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի («Thank you, հայրի′կ», «Եթե բոլորը», «Մոսկվիչ, իմ սեր») ցուցադրություն` «ПЯТЬ ЗВЕЗД» և «ՌԻՈ» ցանցի կինոթատրոններում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19։00-ին Էրմիտաժում ( Սանկտ Պետերբուրգ) նախատեսված է Հայաստանի պետական կամերային «Հովեր» երգչախմբի համերգը՝ «Երգչախմբային մոզաիկա»։
Նոյեմբերի 23-ին, ժամը 19։00-ին Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ՝ «Կոմիտասը և ջազը. ներդաշնության միաձուլում» համերգը, որին կմասնակցեն «Հովեր» երգչախումբը և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետը»։
Այս միջոցառումներին զուգահեռ Ռուսաստանի մի շարք քաղաքներում հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի պարի պետական անսամբլը, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Երևանի մնջախաղի պետական թատրոնները:
Միաժամանակ, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Ռուսաստանի 58 հայ համայնքներում «Հայաստանի օրեր» ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-ից անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ ( մինչև դեկտեմբեր նախատեսված է կազմակերպել 250 միջոցառում՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն)։
ՀՀ մշակույթի նախարարություն