«ՀՀ-ի եւ Վրաստանի համեմատությունը եթե վերցնենք, կա մի հատ մեծ տարբերություն՝ Վրաստանն ունի ազգային փոխադրող: Դա պետականության ատրիբուտ է: 2013-ին ՀՀ-ն հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն: Հիմա դուք կարո՞ղ եք ասել, թե այդ քաղաքականության 4 տարիների արդյունքում մենք ի՞նչ ենք ստացել ավիացիայի շուկայում եւ ինչքանո՞վ է այսօրվա իրավիճակը համապատասխանում մեր ստրատեգիական շահերին»,- այսօր ԱԺ-ում Երեւանից եւ Գյումրիից չվերթների, ավիատոմսերի գների քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Իմ տեղեկություններով, Վրաստանն ազգային փոխադրող չունի: Վրացական ընկերությունների առկայությունը դեռեւս չի նշանակում, որ նրանք ունեն ազգային փոխադրողի կարգավիճակ»:
Վաչե Գաբրիելյանն ասաց, որ «Եթե խոսում ենք թռիչքների քանակի մասին, նախ մենք այս տարի ունենք գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում եւ այս տարի անցյալ տարվա թռիչքների, ուղեւորափոխադրումների քանակը հատել ենք, ունենք 127 տոկոս աճ: Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի եւ ավելի շատ թռիչքների»:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ եթե այդպես ենք համեմատում, ապա այսօր Վրաստանի Շոթա Ռուսթավելիի օդանավակայանից կրկնակիից շատ թռիչքներ են տեղի ունենում, քան Երեւանից. «Սա արդեն բոլոր հարցերի պատասխանը տալիս է եւ վրացական ավիաուղիները դրա մեջ ունի բավականին մեծ տոկոս: Դեպի Մոսկվա չվերթները հավասար բաժանված են ռուսական եւ վրացական ընկերությունների միջեւ: Որոշակի քաղաքականություն է տարվում, որ վրացական դրոշով ավիաընկերությունը մրցակցության մեջ լինի: Մենք 27 տարվա անկախ երկիր ենք, ազգային ավիաընկերություն չունենք, իսկ վրացիք նաեւ մեր ուղեւորների հաշվին կրկնակի չվերթներ ունեն եւ ուղեւորափոխադրումներ»:
Վաչե Գաբրիելյանն ասաց, որ Վրաստանով են գնում մեր այն ուղեւորները, որոնց ուղղությունը Թուրքիան է եւ գնում են նրանք, որոնց ուղղությունը Եվրոպան է՝ Ստամբուլի ՀԱԲ-ով: Ինչ վերաբերում է վրացական ընկերություններին, փոխվարչապետն ասաց, որ իրենք Վրաստանի շուկայից երկու տարի առաջ դուրս մղվեցին թուրքական ընկերությունների կողմից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ