«Տարկետման խնդիր կա, որի առնչությամբ պետք է տեղի ունենան քննարկումներ՝ գիտնականների, իշխանության ներկայացուցիչների եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ»,-ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո խորհրդարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեցին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները:
Նրանց խոսքով՝ թեեւ ԱԺ-ն այսօր ընդունեց տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը, փոխզիջումներ պետք է լինեն՝ խնդիրը վերացնելու միջոցով:
Մինչեւ նոյեմբերի 22-ը, երբ, ինչպես պայմանավորվել էին Շարմազանովի հետ հանդիպմանը, տեղի կունենա քննարկումը, նախաձեռնությունը կշարունակի իր աշխատանքները՝ համախոհ-ուսանողների եւ գիտնականների թիվն ավելացնելու ուղղությամբ:
Արդյոք նահանջ չէ՞ր մինչ այդ դասադուլն ու հացադուլը դադարեցնելու պայմանավորվածությունը, նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով. «Այն չի կարող նահանջ լինել, սա պայքարի այլ ձեւ է: Այլընտրանք չկա, քան խնդիրները շտկելը»:
Նախաձեռնության անդամները վստահեցրին՝ եթե իշխանությունները քննարկումներից հետո էլ պատրաստակամ չլինեն լուծումներ առաջարկելու, ուսանողները կշարունակեն պայքարը:
«Մենք պահպանում ենք մեր համոզմունքները»,-նշեց նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ