Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակազմակերպվե՛լ հանուն կրթության իրավունքի և սոցիալական արդարության. ԿՔՆ հայտարարությունը

Նոյեմբեր 15,2017 16:38

Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ լիովին անտեսելով հացադուլի և դասադուլի դիմած ուսանողների պահանջը, դասախոսական և փորձագիտական հատվածի ծանրակշիռ փաստարկներով ահազանգերն ու առաջարկությունները:

Կրթական ոլորտի վերջին զարգացումները, կրթական համակարգը փլուզելու, անդառնալի հետևանքներ պարունակող հարված հասցնելու գործելաոճը, և ընդհանրապես կառավարության որդեգրած կրթական բյուջետային քաղաքականությունը խորին մտահոգություն են առաջացնում։

Փաստում ենք, որ.

1Այս օրինագիծն անցկացնելու համար չիրականացվեցին իրական, բազմակողմանի կարծիքների ու փորձագետների ներգրավմամբ հանրային քննարկումներ:

2Ընդհանրապես չդիտարկվեցին օրինագծից բխող հետևանքները, որպիսիք են սովորելու մոտիվացիայի կտրուկ անկումը, ԲՈՒՀ ընդունվողների թվի կրճատումը, դպրոցահասակ տղաների արտագաղթը, գիտությամբ զբաղվելու և Հայաստանում մնալու մոտիվացիայի վերացումը, կրթության ռազմականացումն ու ռազմական դիսկուրսի կողմից կրթության բովանդակության գաղութացումը:

3.Կրթական համակարգի վնասներն ու ռիսկերը գնահատելու ուղղությամբ որևէ հետազոտություն կամ համապարփակ քննարկումներ չիրականացվեցին, չդիտարկվեց, թե ինչ ռիսկեր է պարունակում օրենսդրական նախագիծը, և ինչպես է պլանավորվում կարգավորել կամ կառավարել դրանք:

Հաշվի առնելով վերագրյալը և հանրության, ուսանողական, ակադեմիական գիտակից հատվածի ծանրակշիռ փաստարկներով հիմնավորված դիրքորոշման անտեսումը՝ Կրթական-քաղաքացիական նախաձեռնությունը, վերահաստատելով կրթության ֆինանսավորման կրճատման քաղաքականությունից հրաժարվելու իր հանրային պահանջը և միանալով տարկետման իրավունքի վերականգնման առկա ուսանողական պահանջին, ՀՀ կառավարությանը և ԱԺ բոլոր խմբակցություններին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.

1.Պահպանել ժողովրդավար և սոցիալական պետության սահմանադրական հիմնարար սկզբունքը՝ ընդունելով տարկետման իրավունքի վերականգման վերաբերյալ հանրության պահանջը:

2.Դադարեցնել տարկետման իրավունքի պահպանման պահանջով հանդես եկող ուսանողների դեմ բուհերում կիրառվող վախի, ճնշումների, վարչական ռեսուրսների և արգելքների ու սպառնալիքների մեթոդների կիրառումը:

3.Բացառել դասադուլավորների նկատմամբ՝ ոստիկանության և այլ կառույցների կողմից ուժի և բռնության որևէ գործողության հնարավորություն:

4.Տրամադրել հարթակ ԿՔՆ-ի կողմից բարձրաձայնած՝ կրթության ֆինանսավորման վերաբերյալ հանրային պահանջի արդյունավետ և մասնակցային քննարկման համար:

ՈՂՋ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ինքնակազմակերպվել հանուն կրթության իրավունքի, որը մեր երկրի զարգացման ու նաև բանակի հզորացման միակ գրավականն է, ոտքի ելած ուսանողների հետ պայքարել սոցիալական արդարության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի համակարգային խնդիրների դեմ:

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930