Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան-Մոսկվա թռիչքները 20 $ ավելի էժան են, քան Վրաստանում». Կառավարությունը՝ ավիատոմսերի գների մասին

Նոյեմբեր 15,2017 16:32

«Ելք» խմբակցությունը հարցապնդում էր արել, որը վերաբերում էր Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններից իրականացվող չվերթներին:

Այսօր ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարցապնդմանը պատասխանեց, որ համապատասխան չվացուցակները ներկայացվել են, դրանք անընդհատ փոփոխության են ենթարկվում. «Այս պահին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից ունենք ամենօրյա թռիչքներ, որը մեկ ամիս առաջ չկար: Ամեն անգամ պետք է նայել կոնկրետ օրվա դրությամբ»:

«Ելքը» հարցրել էր, թե ինչքան են տարբերվում Երեւանից եւ Թբիլիսիից ավիատոմսերի գները: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ ճկուն գործընթաց է եւ կան բազմաթիվ գործոններ, որոնք դժվար է կանխատեսել նախօրոք: Նման է եղանակի փոփոխության գործոններին. «Ամեն անգամ կապ ունի ոչ միայն ուղղությունը, կապ ունի նաեւ, թե տվյալ օրվա ուղեւորահոսքը ինչպիսին է, տվյալ պահին ինչքան պահանջարկ կա: Կարող է 20 օր հետո թռչելու համար ուզենանք տոմս գնել, այսօր մի գին լինի, վաղը՝ մեկ այլ գին: Կարող է ռեզերվացիա անեն, տեղը թողնեն, դրա հետեւանքով տեղերը շատանան: Որպես կանոն, սակագինը կապված է վաճառքի ընթացքից, տվյալ պահին էկոնոմ կլասի վաճառքի դասից, կարեւոր է նաեւ, թե ինչպիսին են ծառայությունները, որոնք պետք է մատուցվեն, բազմաթիվ այլ գործոններ»:

Վաչե Գաբրիելյանն ասաց, որ վրացական ավիացիան հիմնականում բոլոր այն ուղղությունները, որոնք օգտագործում է Ստամբուլը, թուրքական Պեգաս ընկերությունը, ունի առավելություններ, իսկ Մոսկվայի ուղղության դեպքում առավելությունը Հայաստանի կողմն է:

Տարբեր օդանավակայաններ ունեն տարբեր մանրամասնությամբ փաստաթղթեր: Մեր օդանավակայանի փաստաթղթերը մանրամասն են, վրացականինը՝ ընդհանրական. «Օդանավակայանների սպասարկումների մեջ էական տարբերություններ, որպես այդպիսին, չկան»:

Փոխվարչապետն ասաց, որ վառելիքի սակագներն էլ տարբերվում են՝ միջազգային շուկայում գործող նավթի գների տատանումներից կախված. «Սեպտեմբերի վերջի դրությամբ Երեւանի եւ Գյումրիի օդանավակայանների վառելիքի գինը մեկ տոննայի համար կազմել է 841 դոլար: Թբիլիսիի օդանավակայանում գործող ավիավառելիքի սակագները հրապարակված չեն»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ մեր ավիաուղիների գները թանկ են 3 հիմնական պատճառներով. «Առաջինը օդի հարկն է, որը չունի Վրաստանը, մենք ունենք: Կարծում եմ, որ 7 մլն ՀՀ-ից դուրս բնակչություն ունեցող երկիրը, որի համար օդային ճանապարհը ստրատեգիական է, նման թանկացման կամ նման գին մտցնելու իրավունք չունի եւ ժամանակն է դա հանելը: Երկրորդը ավիավառելիքի գինն է, 841 դոլար է, ճիշտ նշեցիք, 500 դոլար ՌԴ-ում է, 200 դոլար մեր հարեւան Իրանում է: Պետք է ուղղություններ ման գալ՝ էժան ավիավառելիք բերելու: Բաց երկնքի քաղաքականություն վարելով՝ միանգամից 7 ռուսական ընկերություններ մտան ավիաշուկա եւ դեմպինգի արդյունքում դուրս մնաց ոչ միայն տեղական ավիաընկերությունը, այլեւ՝ եվրոպական ավիաընկերություններ: Երրորդ պատճառը օդանավակայանում սպասարկման գներն են, որոնք բարձր են: Այս ուղղություններով աշխատանք տանել է պետք եւ նաեւ սեփական ավիափոխադրող ունենալ է պետք»:

Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ օդի հարկը գներում ակնհայտ երեւում է եւ դա առկա չէ, եթե համեմատում ենք Վրաստանի հետ. «Սակայն Գյումրին ազատված է օդի հարկից, դրանից բացի, եթե նայում ենք անգամ օդի հարկի պարագայում, եթե նայեք Թբիլիսիից Մոսկվա եւ Երեւանից Մոսկվա թռիչքները, ապա շուրջ 20 դոլարի չափով այսօր ՀՀ-ից թռիչքները ավելի էժան են, նշանակում է՝ օդի հարկը որոշիչ չէ»:

Արամ Սարգսյանը արձագանքեց՝ «Ինձ համար զարմանալի է, որ ասում եք, թե օդի հարկը չի ազդում: 20 դոլար էժան է, թող դառնա 40 դոլար էժան: Օդի հարկով ի՞նչ եք լրացնում»:

Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ օդի հարկը հանել են Գյումրիից եւ Գյումրին հարաբերական առավելություն ունի: Նա առաջարկեց, որ բյուջետային քննարկումների ժամանակ ընդհանուր եկամուտների համատեքստում այդ հարցադրումն անել, թե ի՞նչ է տալիս բյուջեին այդ օդի հարկը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930