«Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խումբը պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել: Այսօր նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Բլից ինֆո» ակումբում ասաց, որ իշխանափոխությունից հետո իրենք նախատեսել են նոր՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ձևավորել:
Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը ձեւավորվել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով:
Թե ինչպես են իշխանափոխություն պատրաստվում իրականացնել հարցին, Ալեք Ենիգոմշյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ պատասխանը ենթադրում է իրենց ճանապարհային քարտեզի հրապարակում, իսկ այդ քարտեզը դեռ մշակման փուլում է:
Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե իրենք սկսում են համահայկական ընդվզում՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ իրենք համազգային ընդվզման կողմնակից են. «Այդ գիտակցությունը և զորաշարժը, մոբիլիզացիան և ընդվզումը պետք է կազմակերպել: Այդ առումով՝ ես չեմ տեսնում, որ այդ մոտեցման հետ որևէ տարակարծություն կարող ենք ունենալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ