Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տարի հետո էլ օրենք կընդունեն, որ աղջիկները գնան բանակ». Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 15,2017 15:38

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի մեկնաբանմամբ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումը ապացույցն է, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով իշխանությունը ջախջախեց հասարակական կարծիքը, ընդդիմությանը և միահեծան կարող է իշխել:

«Դրանից հետո իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ է զգում և ցինիկ է պահում։ Երբ ԱԺ-ում այս օրինագիծը քննարկվում էր, ես այնտեղ էի և այդպիսի տհաճություն վաղուց չէի զգացել. բոլոր պատգամավորները հաճոյանում էին պաշտպանության նախարարին, և նա իրեն շատ ինքնավստահ էր զգում։ Այս ամբողջն ապրիլի 2-ի հետևանքներն են։ Երեկ լսում էի պաշտպանության փոխնախարարին, որն ապրիլի 2-ի սինդրոմով ասում էր՝ ոչ մի բան էլ չի լինելու, անցկացնելու են օրենքի նախագիծը։ Այսինքն՝ նրանք բացարձակ չեն վախենում ընդվզումներից»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ այսօր ընդունված օրենքը չի լուծելու հավասարության հարցը. «Շատ են բերում Իսրայելի օրինակը, որը ծիծաղելի է, քանի որ Իսրայելում անհնար է՝ վարչապետ կամ նախարար դառնա մեկը, որը չի ծառայել բանակում։ Այդ մարդիկ ընդունում են այս օրենքը, որ բոլորը պետք է գնան ծառայելու, և այնպիսի ձայնով են խոսում, ոնց որ պատերազմի հերոսներ լինեն։ Ի դեպ, Աստված չանի՝ պատերազմ լինի, այս պայքարող երիտասարդներն են գնալու կռվելու, ոչ թե նրանք, որ ընդունում են այս օրենքը։ Ես տեսել եմ այդ երիտասարդներին, նրանք իսկապես մտահոգված են»։

Անդրադառնալով կարծիքներին, թե գերազանցիկ ուսանողներն ուսումն ավարտելուց հետո գնան ծառայելու՝ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ գերազանցիկները «սարքովի» են լինում. «Հիմա Հրազդանի քաղաքապետի տղան, որը մարդ գցեց մեքենայի տակ, կազատվի բանակից, որովհետև գերազանցիկ է։ Ես ընդունում եմ, որ մեր կրթության, գիտության որակը բավականին վատ է, բայց սրանով էլ ավելի է վատանալու»։

Նրա կարծիքով, բոլոր բարեփոխումներից առաջ, պետք է բանակի հանդեպ հասարակական վստահությունը բարձրացնեն. «Արդյոք այս օրենքն ընդունելուց հետո ծնողները դադարելու են ծանրոցներ ուղարկել, արդյոք բանակում դադարելո՞ւ են նվաստացումները։ Այդ ամենը կարգի բերեք, դադարեցրեք։ Այո, բանակում համալրման խնդիր կա, իսկ ինչո՞ւ կա այդ խնդիրը, ո՞ւմ քաղաքականության արդյունքում է արտագաղթ եղել, որ համալրման խնդիր կա։ Կան ծնողներ, որոնք որոշ դպրոցներում պայմանավորվել են, որ երեխաներին «ներկա» դնեն, որպեսզի փախցնեն երկրից, որովհետև գիտեն՝ միանգամից տանելու են բանակ։ Մի քանի տարի հետո էլ օրենք կընդունեն, որ աղջիկները գնան բանակ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930