2017թ. հոկտեմբերի 30-ին ամերիկյան «Buka Environmental» ընկերության փորձագետ, դոկտոր Անն Մաեստը ներկայացրել է քիմիական/էկոլոգիական ինժեներ, գիտությունների մագիստրոս Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացված «Հայաստանում Ամուլսարի ծրագրի երկրաքիմիական բնութագրության արդյունքների գնահատում և հավելյալ ուսումնասիրությունների առաջարկ» անգլերեն հուշագիրը: Ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել այդ ուսումնասիրության հայերեն համառոտ տարբերակը։
Հուշագրի հիմնական կետերը համառոտագրելով՝ փորձագետը նշում է.
«Լիդիանը չի հետևել արդյունահանվող նյութերի երկրաքիմիական բնութագրության համար ընդունելի գործընթացներին: Սխալները կամ բացթողումները ներառում են հետևյալը․
ա) նշված չեն թափոնների երկրաքիմիական փորձարկումների միավորները,
բ) քանդվող լեռնային ապարների հսկայական ծավալների համեմատ չափազանց քիչ նմուշներ են վերցվել,
գ) չեն օգտագործվել այնպիսի նմուշներ, որոնք թթվարտադրող կամ աղտոտիչ նյութեր տարրալվացող վարքագծերի ամբողջական շարք են դրսևորում,
դ) կինետիկ փորձարկումները վաղաժամ են դադարեցվել՝ նախքան կայուն վիճակի կամ առավելագույն աղտոտիչ խտության կամ կայուն pH արժեքի հասնելը,
ե) օգտագործվել են անպատշաճ կարճաժամկետ տարրալվացման փորձարկումներ,
զ) չեն փորձարկվել հայտարարված մեղմացնող միջոցառումները, որոնք կանխարգելելու կամ մեղմացնելու են հանքի թթվային ջրերի կազմավորումն ու տեղաշարժը:
Հաշվի առնելով հասանելի տվյալները, ինչպես նաև նշյալ սխալները կամ բացթողումները, մենք անհամաձայնություն ենք հայտնում Ամուլսարի նախագծում Լիդիանի անկախ գրախոս Նայթ Փիեսոլդի հետ առ այն, թե ծրագրի բնութագրությունը պատշաճ է: Անհամաձայնություն ենք հայտնում նաև Լիդիանի այն պնդման հետ, որ հանքաքարն ու վերին հրաբխային ապարները թթվարտադրող չեն լինելու: Ամուլսարի ապարների գերակշիռ մասը թթվարտադրման ներուժ ունեն՝ մինչդեռ հանքավայրում դրանք չեզոքացնող հանքաքար գրեթե գոյություն չունի»:
Մաեստը վերլուծում է արդյունահավող նյութերի երկրաքիմիական բնութագրությունների նկատմամբ հիմնական մոտեցումները՝ մասնավորապես անդրադառնալով միջազգային լավագույն փորձի և Լիդիանի ընտրած մոտեցման տարբերություններին և խորհուրդ տալով Լիդիանին հավելյալ փորձարկումներ կատարել: Զեկույցում առանձնացվում են թթվային ապարների դրենաժի և հանքանյութերի բնութագրության հետ կապված 5 խումբ խնդիրներ, որոնց շուրջ բացահայտվում են Լիդիանի ուսումնասիրությունների թերություններն ու առաջարկներ են արվում նախագծի բարելավման ուղղությամբ:
Խնդիր 1. Ամուլսարի թափոնների երկրաքիմիական փորձարկումների միավորները չեն կանխորոշվել: Հանքավայրի մասին ներկայացված տեղեկությունները ցույց են տալիս, որ Ամուլսարի տարածքի երկրաբանությունը, հանքաբանությունն ու հերթափոխումը բարդ ու փոփոխական են: Չնայած այս բարդությանը՝ թափոնները չեն ենթաբաժանվել երկրաքիմիական փորձարկումների միավորների, այլ ուղղակի խմբավորվել են վերին ու ստորին հրաբխային դարսաշերտերի: Ամուլսարի հանքաքարը նախատեսվում է մշտապես թողել գետնի մակերևույթին: Ժամանակի ընթացքում տարրերը փոփոխության են ենթարկվելու օքսիդացման և այլ ռեակցիաների պատճառով: Կարևոր է, որ հանքաքարի և տարրալվացման ջրի նմուշները հավաքվեն ու ուսումնասիրվեն նախքան արդյունահանումն սկսելը, կույտերի կուտակման ընթացքի, փակման և փակմանը հաջորդող շրջանների համար:
Խնդիր 2. Վերին հրաբխային դարսաշերտն ու հանքաքարը կա՛մ թթվարտադրման անհստակ հատկություններ ունեն, կա՛մ էլ ունեն թթվային դրենաժ առաջացնելու ներուժ, չնայած սրան՝ հավելյալ փորձարկումների առաջարկ չի արվել: Անհրաժեշտ է առնվազն մեկ տարի տևողությամբ կինետիկ փորձարկումներ անցկացնել օգտագործված հանքաքարի վրա և փորձարկել հավելյալ վերին հրաբխային ապարների նմուշներ, որոնք կասկածվում են անկայուն թթվարտադրողականության մեջ` չեզոքացման ներուժի մոտեցումը կիրառելով (NNP):
Խնդիր 3. Խոնավության փորձարկումները բավականաչափ երկար ժամանակով չեն անցկացվել, իսկ նմուշների ընտրանքը ներկայացուցչական չի եղել: Ընդամենը 8 խոնավության փորձարկումներ են անցկացվել: Չնայած միջազգային լավագույն փորձը խորհուրդ է տալիս փորձարկումներն անցկացնել առնվազն 1 տարի տևողությամբ՝ Ամուլսարի դեպքում 8 փորձանմուշերից 4-ի պարագայում փորձարկումը դադարեցվել է 20-րդ շաբաթում: Սա հատկապես կարևոր է, քանի որ բոլոր խոնավության փորձարկումները, որոնք սկզբնական շրջանում չեզոք pH են ցույց տվել, 20 շաբաթով ավելի երկար անցկացվելու դեպքում թթվային ջուր են սկսել արտադրել (ESIA, 2015, Appendix 4.6.2, Figure 8-1): Ամուլսարի թափոնների թթվարտադրության և մետաղների լվացման պոտենցիալը, ինչպես նաև օգտագործվող հանքաքարը, չեն կարող պատշաճ սահմանվել առանց հավելյալ կինետիկ փորձարկումների՝ ավելի ներկայացուցչական ընտրանքի կիրառումով և ավելի երկարատև փորձարկման ժամկետներով։
Խնդիր 4. Տարրալվացման կարճաժամկետ փորձարկումները, որոնք օգտագործվել են թունահարույց նյութերի ու մետաղների տարրալվացման ներուժը բնութագրելու համար, արտադրել են նոսրացված ջուր ոչ-ներկայացուցչական ընտրանքով ապարներից:
Խնդիր 5. Ստորին հրաբխային՝ թթվարտադրման ներուժ ունեցող ապարների ինկապսուլացիան արդյունավետության փորձարկում չի անցել, մինչդեռ դատարկ ապարների պահեստարանում թթվարտադրման ներուժ ունեցող ապարների ինկապսուլացիան թթվային դրենաժը մեղմացնելու կամ նվազագույնի հասցնելու ամենաառաջնային միջոցներից մեկն է: Ընդ որում, խորհուրդ է տրվում ինկապսուլացիան անել թթվայնությունը կլանող նյութում, որպիսին Ամուլսարում գոյություն չունի:
Փորձագետ Անն Մաեստը ամփոփելով իր հուշագիրը նշում է․
«Անհրաժեշտ է Ամուլսարի հանքաքարի ու թափոնների նկատմամբ հավելյալ երկրաքիմիական բնութագրություններ փորձարկել՝ արդյունահանվող նյութերի կարճատև ու երկարատև բնապահպանական վարքագիծը բացահայտելու համար՝ հաշվի առնելով, որ այդ նյութերը թողնվելու են երկրի մակերևույթին կամ լցվելու են լքված հանքափոսերը, որտեղ մնալու են հավերժ: Մինչև օրս փորձարկումների արդյունքները լավատեսորեն են մեկնաբանվել, և ինչպես Լիդիանի, այնպես էլ նրա անկախ գնահատողի զեկույցում թթվարտադրության ու մետաղների լվացման ամբողջ ներուժը չի ճանաչվել: Նկատի ունենալով, որ անցյալում կատարված հանքարդյունաբերական գործունեության արդյունքում առաջացած թափոնները թթվային դրենաժի են հանգեցրել, առավել պահպանողական մեկնաբանությունն արդարացված է: Շատ ավելի մեծածավալ աշխատանքի կարիք կա, մասնավորապես օգտագործված հանքաքարի և վերին հրաբխային դարսաշերտերի հարցում, որոնք վաղաժամ հայտարարվել են որպես թթու չարտադրող: Արդյունահանվող նյութերի բնութագրությունը վճռորոշ նշանակություն ունի հանքի գործողության, փակման և փակմանը հաջորդող շրջաններում ջրի որակի կանխատեսումներն ավելի պաշտպանունակ դարձնելու և փորձարկումների արդյունքների վրա հիմնված մեղմացնող միջոցառումներն արդյունավետ դարձնելու համար»:
Հիշեցնենք, որ 2017թ․ հունիս-հուլիս ամիսներին երեք միջազգային անկախ փորձագիտական կազմակերպություններ (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) արդեն ներկայացրել էին իրենց գնահատման հաշվետվությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ Դրանք մասնավորապես առնչվում են հանքավայրի թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) գոյացման պոտենցիալին և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցությանը, ջրաերկրաքիմիական խնդիրների գնահատմանը, ինչպես նաև աղտոտման ենթակա ջրերի մաքրման հարցերին։ Նրանց ընդհանուր խորհուրդը եղել էր հետևյալը․
«Ամուլսարում հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները»:
Սակայն ՀՀ կառավարությունն ու բնապահպանության նախարարությունը այդպես էլ ցանկություն չունեցան լուրջ ուսումնասիրելու այդ հաշվետևությունները և ներկայացնելու իրենց սեփական մասնագիտական կարծիքը։ Նախորդ կառավարությունների նման իրենք նույնպես որոշեցին «հավատալ» միայն օֆշորային Լիդիանի փաստարկներին և հղումներ անել միայն նրանց հաշվետվություններին։ Ամեն դեպքում մենք հավատում ենք, որ բանականությունը կհաղթի ներդրումային մոլուցքին, և որոշում կայացնողները կփոխեն իրենց միակողմանի դիրքորոշումը՝ կասեցնելով Ամուլսարի աղետաբեր ծրագիրը։
Մանավանդ, որ միջազգային փորձագետները բերել են բազմաթիվ հիմնավոր փաստարկներ դա հանգիստ խղճով անելու համար։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն