Լրահոս
Օրվա լրահոսը

Շահերի բախում. Լեւոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիան» է կազմակերպելու պետպատվերով բուժօգնությունը

Նոյեմբեր 15,2017 13:10

«1 մլն աղքատների թեման չի փակվել»,- այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, եթե կառավարությունն ուզում է ենթակառուցվածքները բարելավել, ասենք, թե ստացվեց եւ լավ ճանապարհներ ունեցանք, աղքատները այդ ճանապարհով գնացին-եկան, դրանից իրենք ի՞նչ են շահելու, աղքատ էլ մնալու են: Արամյանը պատասխանեց, որ ներդրումներ կարվեն, տնտեսությունը կաշխուժանա, իսկ եթե տնտեսական աճ եղավ, դա կազդի նաեւ աղքատության մակարդակի վրա: Նա Գյումրիի Ռուսթավելի փողոցի օրինակը բերեց, Գառնիի ճանապարհին բնակիչների ձեռնարկած փոքր բիզնեսների մասին խոսեց եւ վստահեցրեց, որ դրանք իրենց արդյունքը տալու են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանն էլ հարցրեց. «Բուժօգնության ծրագրի շրջանակներում պետպատվերի ծառայությունների մատուցման եւ ֆինանսավորման գործառույթները հանձնվել են ապահովագրական ընկերություններին: Բյուջեով նախատեսված գումարը համամասնորեն կտրվի ապահովագրական ընկերություններին, որոնց մեջ ընդգրկված է նաեւ նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, նրանց կողմից կկազմակերպվի եւ կֆինանսավորվի պետպատվերով բուժօգնությունը»: Պատգամավորն ասաց, որ այդ վատ փորձը ժամանակին ունեցել ենք եւ հրաժարվել ենք, կոռուպցիոն մեծ ռիսկեր է դա պարունակում:

Վարդան Արամյանը պատասխանեց. «Կյանքը ցույց է տվել, որ լավագույն մոդելը ապահովագրության ինստիտուտի ներդրումն է առողջապահական համակարգում: Այսօրվա դրությամբ մենք այդ համակարգում 80 մլրդ-ից ավելի գումար ենք ծախսում, բայց բոլորն էլ դժգոհ են՝ եւ առողջապահական ծառայությունից օգտվողները, եւ այդ ոլորտում զբաղվածները, նշանակում է՝ մի բան այն չէ: Որակին պետք է ուշադրություն դարձնել, իսկ որակը կարող ենք ունենալ ապահովագրական ինստիտուտների ներդրմամբ: Ապահովագրական ինստիտուտները շահագրգռված են լինելու, որ մատուցվող ծառայությունները լինեն որակյալ, հակառակ դեպքում իրենք հաճախորդներ են կորցնելու: Սա է այն ինստիտուտը, որ ամբողջ աշխարհը օգտվում է»:

Ինչ վերաբերում է նախարարին պատկանող «Ինգո Արմենիային»՝ Արամյանն ասաց, որ ապահովագրական ընկերությունները ընտրվել են թափանցիկ. «Երկու կարեւոր ցուցանիշ է աշխատել՝ ապահովագրական վճարները այդ ոլորտում, փորձառությունը այդ ոլորտում եւ կապիտալի չափը, թե որքան է ունակ ընկերությունը, որ խաղին մասնակցի»:

Արամյանն ասաց, որ նույն մեխանիզմով են գնալու, ինչ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ, որը հաջողվել է:

Մարինա Մարգարյանն էլ արձագանքեց. «Դուք փաստացի պաշտպանում եք էլիտայի շահերը, որովհետեւ հոկտեմբերի 1-ից, երբ սկսվեց կիրառվել ապահովագրական փաթեթը, էլեկտրոնային ծանուցումը ստացվել էր հենց Ինգո Արմենիայի կողմից: Այլ ապահովագրական ընկերություններ չէին ստացել այդ ծանուցումը»: Ընդ որում, ուշագրավ է, որ ըստ սահմանված կարգի, չծախսված միջոցները պետք է մնան ապահովագրական ընկերություններում, ինչը Մարգարյանի համար անընդունելի է, բյուջեում խնդիր ունենք, շրջանառության մեջ կդնեն ընկերությունները:

Արամյանը չկիսեց տեսակետը, որ իրենք էլիտայի շահերն են սպասարկում. «Մենք պաշտպանում ենք ազգաբնակչության շահերը: Մեզ համար վերջնական շահառուն մարդն է, որը օգտվելու է այդ ծառայությունից»: Նա ասաց, որ «Ռոսգոսստրախը» եւս մասնակցում է համակարգին եւ կլինի «Ինգո Արմենիան», թե մեկ այլ ընկերություն, իրենց համար մեկ է, կարեւորը որակյալ ծառայություն մատուցեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930