Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծում եթե բացառություններ սահմանվեն ամենատաղանդավոր երիտասարդների համար, ապա նախագիծը իդեալական կլինի:
Հոգեբանի պատկերացմամբ, այդ տաղանդավորները գերազանցիկ ուսանողներն են, օլիմպիադաների մասնակիցներ: ԿԳ փորձագետ Անահիտ Բախշյանն ընդհատեց հոգեբանին, ասաց` օրինակ գերազանց սովորող պատմաբանին ինչը՞ կխանգարի, թող երկու տարի հետո գա, շարունակի ուսումը: Տիկին Բախշյանի համոզմամբ, բացառությունները պետք է գործեն ջութակահարների, դաշնակահարների համար, որոնք իրենց մասնագիտական հմտությունները երկու տարվա ընդմիջման դեպքում կկորցնեն:
«Պետությունը պետք է երաշխիք տա այդ երեխաների կյանքի համար, որ տասնութ տարեկանին չեն ուղարկի առաջնագիծ, նրա առողջությանը վնաս հասցնող, հոգեբանական նվաստացումներ, ճնշումներ չեն լինի, բանակի վիճակը պետք է փոխվի»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբանը՝ նշելով, որ բանակի պարտավորությունն է իր թվարկած երաշխիքներն ապահովելը:
ԱԺ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն խնդիրներից. «Եկեք հասկանանք՝ ինչու է այս ամենն արվում… մենք բանակի հետ պետք է խնդիր չունենայինք: Ասում են ՝ մենք հաղթող բանակ ենք, 90-ականների սկզբին, երբ բուռն ռազմական գործողություններ են եղել, մենք այսպիսի խնդիր չենք ունեցել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց՝ մենք բանակում ծառայողների խնդիր չունենք, պատերազմ չգնալու, դասալիքների խնդիր չունենք, նման իրավիճակներում նույնիսկ ներգաղթ ենք ունենում: Կարծում եմ՝ սա ընդամենը նորանշանակ ՊՆ նախարարի նախաձեռնությունն է, փորձում է բանակի հետ կապված ինչ-որ բանով աչքի ընկնել: Նա իրեն քաղաքական գործիչ էր համարում, բայց իմ կարծիքով, սա իր՝ որպես քաղաքական գործչի, առաջին սխալն էր»:
Ալեն Սիմոնյանի խոսքով, Վիգեն Սարգսյանն իր կարիերայի ողջ ընթացքում եղել է կատարող. «Նա որեւէ անհատական գործունեությամբ չի զբաղվել, սրանք իր առաջին, երկու-երեք քայլերն են, որ իր նախաձեռնությամբ է արվել, բայց անհաջող փորձեր են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ