Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց ցույց անող դասադուլավորներին միացան ԵՊՀ-ում երեկվանից հացադուլ անող նրանց ընկերները: Չորսն էլ հայտարարեցին, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, հացադուլն առայժմ չեն դադարեցնում, պարզապես լսելով ուսանողների կոչը՝ միացել են իրենց:
Տղաները հայտնեցին, որ ԵՊՀ ղեկավարությունն իրեն հանդուրժող է դրսեւորել, անհրաժեշտ իրեր եւ բուժօգնություն առաջարկել. «Մեր պայքարը ԵՊՀ-ի դեմ չէր»:
Ուսանողները շարունակում են հավաքված մնալ ԱԺ դիմաց եւ որոշել հետագա անելիքները:
Ի դեպ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Վահան Կոստանյանը հայտարարեց, որ ոստիկանների հետ հրմշտոցից մի քանի ուսանողներ մարմնական վնասվածքներ են ստացել:
Տղաներից մեկը ցույց տվեց վնասված այտը՝ ասելով. «Ես գետնին ընկած էի, ինչ-որ մեկն ինձ քացով խփեց, ուսանողներից մեկն էլ բարձրացրեց»:
Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի դեմ, որն այսօր ԱԺ-ն ընդունեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ