Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ». «Ծառուկյանի» պատգամավորները կառավարության դուխն են չափում (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 12:10

«Ի՞նչ 5 խոշոր արդյունքի ենք փորձելու հասնել 2018-ի բյուջետային քաղաքականության միջոցով»,- այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց ՀՀԿ պատգամավոր Կորուն Նահապետյանը:

Արամյանը պատասխանեց, որ 5 գերակայություններից մեկը հարկային հավասարակշռված քաղաքականությունն է. «Փորձ անենք ոչ ֆորմալ հատվածը բերենք ֆորմալ հատված, ընդ որում, դա անենք այնպես, որ խեղում չմտցնենք տնտեսվարող սուբյեկտների կյանքում»: Երկրորդ գերակայությունը, ըստ Արամյանի, պարտքի կայունությունն է. «Մենք պետք է պարտքը կայունացնենք, որ կարողանանք ճիշտ ազդակներ ուղարկել ներդրողներին»: Երրորդ գերակայությունը սոցիալական ոլորտն է, բայց այն մոտեցմամբ, որ հնարավորություն տան գյուղական համայնքներին, որ կարողանան եկամուտներ գեներացնել, դրա համար գյուղատնտեսության ոլորտի հատկացումները 45 տոկոսով աճել են: Հաջորդ գերակայությունը անվտանգության հարցերն են:

Կորյուն Նահապետյանը դժգոհ մնաց: Նա նախ բողոքեց, որ այդպես էլ Արամյանից չլսեց, թե որոնք են այն 5 խոշոր արդյունքները, որոնք ստանալու ենք բյուջեի քաղաքականության արդյունքում: Հետո դժգոհեց, որ Արամյանի ներկայացրած «սլայդի» վրա ֆիննախի շենքի պատկերն է եւ ոչ թե կառավարության ամբողջ շենքի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ դուք խոսեցիք ադեկվատ հարկային քաղաքականության մասին, այն, ինչ դուք անում եք ՓՄՁ-ների հանդեպ, արդյոք ադեկվատ հարկային վարչարարությո՞ւն է, չե՞ք կարծում, որ այդ «ադեկվատ» հարկային վարչարարությունը դուք պիտի սկսեք այնտեղից, որտեղ իսկապես կան լրջագույն օրինախախտումներ. «Ինչո՞ւ է ձեր ադեկվատ վարչարարությունը բռնել հատկապես այն փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա, որոնք ընդամենը օրվա հաց են վաստակում: Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»:

Արամյանը հազիվ զսպեց ծիծաղը. «Դուխներս հերիքում ա»: Նա ասաց, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն նույնատիպ, եթե այդպես չլինի, շատ լավ գիտակցում են, որ տնտեսական բարձր աճի ցուցանիշներ, ներդրումներ ակտիվ միջավայր չեն ունենա:

Արամյանի խոսքով՝ «Անկախ նրանից՝ տնտեսվարող սուբյեկտը մեծ է կամ փոքր՝ հարկային պարտավորությունները պետք է կատարել պատշաճ»: Ըստ նախարարի, հաճախ խոշոր բիզնեսմենները ՓՄՁ-ների անվան տակ կարողանում են իրենց ոչ ֆորմալ շրջանառությունը «մաքրել»:

Նախարարն ասաց, որ կիսում է այն տեսակետը, որ հարկման բեռը պետք է ընկնի խոշոր բիզնեսի վրա եւ հենց այդպես էլ անում են, ՓՄՁ-ներից էլ ազդակ չեն ստացել, որ խնդիր ունեն:

Նա նշեց, որ եթե խնդիր կա, պետք է նստել մտածել ու հասկանալ՝ խոշորները չե՞ն, որ աղմուկ են բարձրացնում, որովհետեւ ՓՄՁ-ների անվան տակ շրջանառություն են մաքրում եւ չեն ուզում փաստաթղթավորում, թե՞ իրականում կան օբյեկտիվ պայմաններ:

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Զարմանում եմ, որ դուք փոքր ու միջին բիզնեսից ազդակ չեք ստացել, բա որ հազարներով գալիս են այստեղ ինչի՞ համար են գալիս, կարո՞ղ է գալիս են ԱԺ-ի ֆոնին նկարվեն ու գնան»: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք հավասար պայմաններին կողմ են, բայց «կան առավել հավասարներ եւ օրենքից դուրս մարդիկ, որոնց ամեն ինչ կարելի է, հարկային արգելակներ չկան»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին հակադարձեց Արամյանին՝ ասելով. «Ձեր դուխը չի հերիքում: Ասում եք, թե մեր դուխը հերիքում ա, ես էլ պնդում եմ, որ ձեր դուխը չի հերիքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930