Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի ղեկավարությամբ ընդլայնված կազմով նոյեմբերի 16-ին մեկնում է Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին:
Հավաքականի կազմում են Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթեւոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գեւորգի Կետոեւը (երկուսն էլ՝ 97 կգ):
Հնարավորություն են տվել նաեւ երիտասարդներին եւ սա ընթացիկ մրցաշրջանում ազգային հավաքականի միջազգային վերջին մրցաշարն է:
Դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի հուշամրցաշարը, որի ավարտից հետո ձեւավորվելիք ազգային հավաքականը, կսկսի նախապատրաստվել մրցաշրջան 2018-ին: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Enciclopedya Britanica-ի