Այսօր 7-րդ օրն է, ինչ տարկետման իրավունքը սահմանափակող ՊՆ օրինագծի դեմ բողոքող ուսանողները դասադուլ են անում: Նրանք այս պահին երթով հասան ԱԺ, ապա տեղեկանալով, որ օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, փակեցին ԱԺ ծառայողական մուտքը:
Ոստիկանները նրանց հորդորում են նման գործողությունների չդիմել, քանի որ խանգարում են երթեւեկությանը, սակայն ուսանողները որոշել են՝ քանի որ իշխանություններն իրենց պահանջը հաշվի չառան, այն է՝ օրինագծի քննարկման կասեցում եւ հանրային լայն քննարկման կազմակերպում, իրենք այդպես կարտահայտեն բողոքը: Դասադուլավորները կենդանի պատ են կազմել:
«ԱԺ-ի մոտ հավաքներ անել չի կարելի: Եթե մուտքը չազատեք, ստիպված կլինենք գործողությունների դիմել»,-հայտարարեց ոստիկանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ