Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ սպանիր», «Մի՛ լռիր». «Ստրիտ արտը» Հայաստանի քաղաքներում կոտրում է մարդկանց անտարբերությունը

Նոյեմբեր 15,2017 14:00

«Արվեստը հանրային գիտակցության վրա ազդելու հզոր ուժ ունի, արվեստի միջոցով հնարավոր է փոխել մարդկանց գիտակցությունը»,- ասում է Medialab.am-ի ղեկավար Մարիաննա Գրիգորյանը: Եվ հենց այս սկզբունքով էլ Medialab.am-ը նախաձեռնել էր 3 արդիական թեմաներով «Ստրիտ արտ»-ը (Street art):

«Ստրիտ արտ»-ը, որպես մշակույթի ճյուղ, համեմատաբար նոր է մեր երկրում: Գրիգորյանն ասում է՝ Հայաստանում եղել է քննադատական մտքի դրսեւորումներով արված «Ստրիտ արտ», որոնք ոստիկանությունը արագ ոչնչացրել է. «Հետո պատերին մնացել են այն գործերը, որոնք ես «Ստրիտ արտ» չեմ համարում, որովհետեւ եթե «Ստրիտ արտ»-ը ասելիք չունի, ուրեմն այնքան էլ «Ստրիտ արտ» չէ»:

Արդեն 2 տարուց մի փոքր ավելի է, ինչ Medialab.am-ը քաղաքական ծաղրանկարի մշակույթն ակտիվացրել է Հայաստանում, հրապարակում է «Ցեց» երգիծաթերթը: Գրիգորյանն ասում է՝ երբ այդ ծրագրերը մեծ հաջողություն ու ժողովրդականություն վայելեցին, որոշեցին, որ պետք է քաղաքացիական ակտիվությունը, արվեստն ու լրագրությունը միաձուլելով շատ կարեւոր խնդիրների մասին ուղերձով «Ստրիտ արտ» նախաձեռնել:

Մարիաննա Գրիգորյանի պատմելով՝ ցանկություն կար հենց մարզերում անել «Ստրիտ արտ»: Եվ նախ ուսումնասիրվել են մարզերը, թե՝ որտեղ ինչ առաջնային խնդիրներ կան. «Երեւանում, Գյումրիում, Գավառում, Մարտունիում արեցինք «Ստրիտ արտ»: Որոշեցինք՝ սելեկտիվ աբորտներ, քաղաքացիական ակտիվություն եւ ընտանեկան բռնություն թեմաներով անել «Ստրիտ արտ»: Այս երեք թեմաներն էլ շատ կարեւոր են Հայաստանում: Սելեկտիվ աբորտները շատ ցավալի եւ կարեւոր թեմա են՝ բարձրաձայնելու համար, իսկ Հայաստանն ամբողջ աշխարհում բարձր ցուցանիշներ ունի սելեկտիվ աբորտների»:

Սելեկտիվ աբորտների թեմայով «Ստրիտ արտ»-ը նախաձեռնեցին Գյումրի, Գավառ եւ Մարտունի քաղաքներում. ստեղծեցին էսքիզներ յուրաքանչյուր «Ստրիտ արտ»-ի համար. ««Մի սպանի՛ր ինձ» գրառմամբ էր էսքիզը: Մարդկանց համար շատ զարմանալի էր, հատկապես Գավառում ու Մարտունիում: Նկարները քաղաքների կենտրոնական փողոցների շենքերի պատերի վրա էինք պատկերել: Դրանք տեսանելի են բոլորի համար, հույս ունենք, որ դրանց նայելով՝ մարդկանց մտածելակերպը կփոխվի, նրանց մեջ ինչ-որ բան պիտի անպայման փոխվի: Մարդիկ մոտենում ու ասում էին՝ ինչ ճիշտ է, ինչ դիպուկ: Այսինքն՝ մեր աշխատանքն ու ուղերձը դրական են ընկալվել: Մարդիկ հասկանում էին՝ չի կարելի սելեկտիվ աբորտի դիմել: Մենք համարում ենք, որ հաջողված է այս նախագիծը, որովհետեւ եւ ուղերձները, եւ նկարները շատ հաջող ու խոսուն են, տեսել ենք, թե ինչ ազդեցություն ունեն մարդկանց վրա: Նկարները պետք է շոկային լինեն, եւ մենք դրան հասել ենք»:


Մյուս թեման քաղաքացիական ակտիվությունն է, որը եւս շատ կարեւոր խնդիր է Հայաստանում: Medialab.am-ն այս թեմայով ընտրել էր ակտիվիստ Վարդգես Գասպարիի կերպարը: Ինչո՞ւ հենց Գասպարի. այս հարցին Գրիգորյանը պատասխանում է. «Որովհետեւ Գասպարին մեզ համար պայքարի հավաքական կերպար է՝ իր ուժով, ազնվությամբ եւ քաղաքացիական պայքարի դրսեւորումներով, ընդվզումով անարդարության դեմ: Գյումրիում մեծ «Ստրիտ արտ» ստեղծեցինք՝ Գասպարին է պատկերված, նա կանգնած է ցուցանակով, իսկ մարդիկ՝ թիկունքով: Այսինքն՝ սա երկակի իմաստ եւ ուղերձ ունի, որն ուղղված է ե՛ւ իշխանություններին, ե՛ւ անտարբեր հասարակությանը: Ուզում ենք ասել՝ կարեւոր է, որ հասարակությունը անտարբեր չլինի, եթե մարդն ուզում է իր կյանքում ու երկրում որեւէ բան փոխել, չպետք է անտարբեր լինի, եթե անտարբեր մնա, ուրեմն ոչինչ չի փոխվի, որքան էլ անհատները ցանկություն ունենան մի բան փոխելու»:

Medialab.am-ի «Ստրիտ արտ»-ի մյուս թեման ընտանեկան բռնությունն էր, ուղերձը՝ «Մի՛ լռիր»: Գրիգորյանն ասում է՝ ընտրել են այս ուղերձը, որովհետեւ տարբեր իրավիճակներում ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ դատախազությունը, ե՛ւ հասարակությունը կնոջը ճնշում են, ճնշում կա բոլոր կողմերից, որպեսզի նա լռի եւ չբարձրաձայնի այն ամենի մասին, ինչ իր հետ տեղի է ունենում, հանկարծ իր ընտանիքի սահմաններից դուրս չհանի, որ իր նկատմամբ ընտանիքում բռնություն է կատարվում: Այս թեմայով «Ստրիտ արտ»-ն էլ անտարբեր չթողեց մարդկանց: Գրիգորյանն ասում է՝ ոմանք մոտենում ու ասում էին՝ «Երբ ես տեսա այդ նկարը՝ շատ հուզվեցի, քանի որ ինքս անցել եմ ընտանեկան բռնության դաժան ճանապարհով եւ կարողացել եմ վերջակետ դնել»։


Թեմաներն ու քաղաքները մի օրում կամ մի ժամում չեն ընտրվել. Գրիգորյանն ասում է՝ մանրամասն ու մանրակրկիտ ուսումնասիրել ու մտածել են, թե ինչ պետք է անեն, որտեղ եւ ինչ ուղերձով: Գաղափարն ու նախաձեռնությունը շարունակվելու են, Գրիգորյանն ասում է, որ էլի կարեւոր խնդիրներ կան, որոնց մասին հնարավոր է առաջիկայում «Ստրիտ արտ» անեն:

«Մարդիկ, որոնք արվեստով են զբաղվում կամ այս կամ այն կերպ առնչություն ունեն արվեստի հետ, շատ կուզեի, որ իրենք էլ դիրքորոշում ունենային եւ դա ներկայացնեին հանրությանը հենց արվեստի միջոցով: Քանի որ արվեստի ազդեցությունն ու ուժը մեծ է: Ափսոսում եմ, որ շատ շնորհալի մարդիկ ուղղակի լռում են, լավ կլինի արտահայտվեն, դա շատ կարեւոր է»,- ասում է Մարիաննա Գրիգորյանը:

 

ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ»

14.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930