Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքարարների գործով» ստացվել է անդրանիկ վերաքննիչ բողոքը

Նոյեմբեր 15,2017 13:30

Պաշտպան. «Զարմանալիորեն վկայի հիշողությունը վերականգնվում է բոլոր այն դեպքերում, երբ նա քննիչների մոտ ցուցմունք է տալիս»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 15-ի դատավճռով «Հավաքարարների գործով» ամբաստանյալ Հրայր Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Դատարանը հաստատված է համարել այն, որ նա 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. հոկտեմբերը հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության աշխղեկ, 2011թ. դեկտեմբերին տեղեկանալով ընկերությունում որպես աշխատակից ձեւակերպված, սակայն փաստացի չաշխատող անձանց վերաբերյալ կեղծ տվյալներն աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրում գրանցելու եղանակով, խաբեությամբ, «առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար ստեղծված հանցավոր խմբի» կողմից կատարվող հափշտակությունների մասին, իր համաձայնությամբ ընդգրկվել է խմբի կազմում եւ 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերը կեղծելու եղանակով, խաբեությամբ, հափշտակել է Երեւանի Կենտրոն համայնքի, այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ 101.066.467 ՀՀ դրամ գումարները:

Այս գործով տասներեք ամբաստանյալներից Հրայր Հակոբյանի անունը երեք տարուց ավելի ընթացած դատական գործընթացում երկու հարյուրից ավելի վկաների շուրթերից չի լսվել: Հրայրն ընկերությունում աշխատանքի է ընդունվել 2011թ. դեկտեմբերից, որպես ստորգետնյա եւ վերգետնյա անցումների աշխղեկ։ Նրա աշխատանքային պարտականությունների մեջ էր մտնում Կենտրոնի թվով 23 անցումների մաքրության ստուգումը, ինչպես նաեւ մաքրության կատարման համար անհրաժեշտ պարագաներ հանձնելը 14 հոգուց բաղկացած իր բրիգադի անդամներին։ Նրա պաշտպանը՝ Դիանա Շախրամանյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով դատավոր Մեսրոպ Մակյանի կայացրած դատավճիռը մասնակի՝ Հրայր Հակոբյանին մեղավոր ճանաչելու մասով:

Պաշտպանն անդրադարձել է դատավճռում նշված այն ապացույցներին, որոնք ըստ դատարանի՝ հիմնավորում են Հրայր Հակոբյանի մեղավորությունը, մինչդեռ, ըստ պաշտպանի՝ «իրականում դրանք վկայում են վերջինիս անմեղության մասին»:

Ըստ դատավճռի. «Որպես Հրայր Հակոբյանի մեղքը հիմնավորող ապացույց՝ դատարանը դիտում է վկա Հասմիկ Զեյնալյանի նախաքննական, իսկ այնուհետեւ՝ դատարանում տրված ցուցմունքը, որով հիմնավորվում է Հրայր Հակոբյանի մասնակցությունը մեղսագրված հանցանքներին։ Ընդ որում, դատարանում առաջին անգամ ցուցմունք տալիս հիշյալ վկան համառորեն պնդում էր, որ տեղյակ չէ, թե ինչ է իր նախաքննական ցուցմունքում գրել գործը քննող քննիչը, մինչդեռ, վերջինիս կողմից ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվելիս նույն վկան դարձյալ պնդել է իր նախաքննական ցուցմունքն ու ասել, որ այն գրել է ինքնուրույն, առանց քննիչի միջամտության, հետեւաբար, նրա վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից կայացվել է «Քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու եւ գործով վարույթը կարճելու մասին» որոշում։ Ավելին, նշված որոշումը կայացնելուց հետո հիշյալ վկան դարձյալ հարցաքննվել է դատարանում եւ պնդել իր կողմից տրված նախաքննական ցուցմունքները։ Այս առումով վկայի կողմից տրված նախաքննական ցուցմունքը հաստատվել է նաեւ վկա Քրիստինե Մինասյանի կողմից տրված դատաքննական ցուցմունքով, որով եւս հիմնավորվում է Հասմիկ Զեյնալյանի՝ որպես ձեւական աշխատող գրանցված լինելու փաստը»։

Պաշտպան Դ. Շախրամանյանն ըստ այդմ անդրադարձել է վկաներ Հասմիկ Զեյնալյանի եւ նրա հետ փոխկապակցված՝ Ռուզաննա Սիմոնյանի եւ Քրիստինե Մինասյանի ցուցմունքներին՝ նախաքննական եւ դատաքննական:

Պաշտպանական կողմի դիտարկմամբ, «չի հիմնավորվում, թե նշյալ վկայի հայտնված այդ ո՞ր տեղեկությունն է հաստատել Հակոբյանի կողմից կազմակերպված խմբի կազմում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 101.066.467 ՀՀ դրամ գումարներ հափշտակելու եւ կեղծիք կատարելու փաստը, այն պարզ պատճառաբանությամբ, որ վկան այպիսի տեղեկություններ չի հայտնել», դատարանը պարզապես վկայկոչել է այդ վկայի ցուցմունքի առկայությունը, ինչը միանշանակ չի կարող համարվել որպես հիմնավորված եւ պատճառաբանված դատական ակտ։ Սա նշանակում է, որ դատարանի դատավճռի հիմքում դրվել է անարժանահավատ, անթույլատրելի ապացույցը։

Ըստ էության, այս վկան՝ Հասմիկ Զեյնալյանը, հարցաքննվել է ընդհանուր 4 անգամ՝ երկու անգամ նախաքննության ընթացքում, երկու անգամ դատաքննության ընթացքում։ Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, թե իր հարազատ քույրը՝ Ռուզաննա Սիմոնյանը աշխատել է ընկերությունում 2 դրույքով՝ 60 000 ՀՀ դրամ աշխատավարձով, սակայն քանի որ քույրն ուներ 3 երեխա եւ նա չէր կարող ամեն օր աշխատանքի գնալ, պայմանավորվել են, որ 10 օր քույրը կաշխատի, մնացած օրերը՝ ինքը, իսկ աշխատավարձը կկիսեն։ Այդպես էլ արել են: Ռուզաննայի քարտը գտնվել է Հասմիկի մոտ: Նա կանխիկացրած 60 000 դրամից 30 000-ը տվել է քրոջը, 30 000-ը՝ պահել իրեն։ Նշենք, որ Զեյնալյանը այս գործով ավելի քան 230 հարցաքննված վկաներից միակն է, ով հայտնել է, թե Հրայրի հետ քննարկել է այլ անձի փոխարեն աշխատելու հանգամանքը եւ նրան գումար է տվել:

Առաջին ատյանի դատարանում Զեյնալյանին հարցաքննության ենթարկելու իրավունքից զրկումը Հրայր Հակոբյանի համար հանգեցրել է պաշտպանության իրավունքի էական խախտման։ Ի դեպ, դատաքննության փուլում հրապարակվեց Ռուզաննա Սիմոնյանի ցուցմունքը, որը չտարբերվեց քրոջ նախաքննության ժամանակ տված ցուցմունքից:

Մեկ այլ դրվագով էլ, Հ. Զեյնալյանն առաջին անգամ դատարանում հարցաքննվելիս, նշել էր, որ 2002-2003թթ.-ից աշխատում է ամբաստանյալ Գյուլիզար Շամոյանի բրիգադում, որպես հավաքարար: Նա մաքրել է Հանրապետության հրապարակի որոշակի հատված, իր ընկերուհու անունով աշխատել է նաեւ ամբաստանյալ Սամվել Եղոյանի անցումների բրիգադում. «2011թ.-ին, քանի որ իր ընկերուհուն անհրաժեշտ էր աշխատանքից ազատվել, դիմել է Քրիստինե Մինասյանին, խնդրելով այդ թափուր տեղն աշխատանքի ընդունվել, ինչն էլ վերջինս կատարել է։ Մինչդեռ, իրականում Քրիստինեի փոխարեն աշխատել է ինքը՝ Զեյնալյանը, եւ նա էր ամբողջությամբ ստանում Մինասյանի անվամբ փոխանցվող աշխատավարձը։ Այդ գումարից Հակոբյանին կամ Եղոյանին որեւէ գումար չի տվել»։ Ի դեպ, Քրիստինեի աշխատանքից ազատվելուց հետո նրա տեղն աշխատանքի է ընդունվել Զեյնալյանի քույր Ռուզաննան, Հրայր Հակոբյանին այդ մասին որեւէ բան չեն ասել։

Քրիստինե Մինասյանն իր հերթին հայտնել է, որ 2011թ. ապրիլին իրեն է դիմել Հասմիկ Զեյնալյանն ու առաջարկել ընդունվել աշխատանքի ընկերությունում, որպեսզի վերջինս կարողանա մի փոքր ավելի գումար վաստակել, ինքն էլ համաձայնել է՝ գնացել է ընկերություն, ստորագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն աշխատանքի չի գնացել։ Իր փոխարեն աշխատել է Զեյնալյանը, ով էլ ստացել էր աշխատավարձը։

«Անհասկանալի է նաեւ, թե ինչու էր Զեյնալյանն այդ անհայտ անձին փոխանցվող գումարը տալիս նաեւ Շամոյանին, ով ընդհանրապես կապ չի ունեցել անցումների հավաքարարների հետ։ Ինչպես է ստացվում, որ 60.000-ից 30.000-ը Զեյնալյանը պահում էր իրեն, իսկ մյուս 30.000-ը տալիս էր աշխղեկներին այն դեպքում, երբ Ռուզաննա Սիմոնյանի ցուցմունքի համաձայն՝ նշված 60.000-ը կիսվում էր իր եւ Հասմիկի միջեւ հավասար։ Առնվանզն անհավանական է նաեւ, որ հասարակ հավաքարարն այս ամենի մասին կպատմեր նաեւ տնօրենին, ինչպես ինքն է նշում»,-հարցնում է բողոքաբեր կողմը։

Ըստ Հ.Հակոբյանի պաշտպանի, դատարանը անարժանահավատ ցուցմունքին որեւէ գնահատական չի տվել, փոխարենը նշելով. «Այս առումով վկայի կողմից տրված նախաքննական ցուցմունքը հաստատվել է նաեւ վկա Քրիստինե Մինասյանի կողմից տրված դատաքննական ցուցմունքով, որով եւս հիմնավորվում է Հասմիկ Զեյնալյանի՝ որպես ձեւական աշխատող գրանցված լինելու փաստը»։

Այս վկան այս տարվա հունվարի 9-ին դատարանում հարցաքննության ժամանակ նշեց, թե «չի հիշել, թե 3 տարի առաջ նախաքննության ընթացքում ինչ ցուցմունք է տվել»: Այս կապակցությամբ պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ «այդ նույն նախաքննական ցուցմունքներից 4 տարի անց, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ, չգիտես ինչու, շատ լավ հիշել է, թե ինչ է գրել, եւ ասել, որ ճիշտն է գրել։ Զարմանալիորեն վկայի հիշողությունը վերականգնվում է բոլոր այն դեպքերում, երբ նա քննիչների մոտ ցուցմունք է տալիս»։ Ստացվում է, որպես կասկածյալ տված ցուցմունքն իրականում տրվել է քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։

Այս վկան նախաքննության ընթացքում նշել է, որ մի քանի օր է աշխատել, իսկ դատարանում՝ մի քանի ամիս: Դատարանը սա դիտել էր հակասություն: Ըստ բողոքաբեր պաշտպանի. «Դա ոչ թե հակասություն է, այլ ժամանակագրական տարբերություն։ Այսպես, ըստ քրեական գործի նյութերի՝ վկա Ժենյա Մուրադյանը աշխատանքի է ընդունվել ընկերությունում 2013թ. սեպտեմբերին եւ քննարկվող ժամանակահատվածում Հրայր Հակոբյանի ղեկավարության տակ աշխատել է ընդամենը 18 օր: Մինչդեռ, քրեական գործի համար հետաքրքրություն կազմող ժամանակահատվածից հետո էլ, այսինքն՝ 2013թ. սեպտեմբերից հետո, ինչպես նաեւ նախաքննության ընթացքում հարցաքննվելուց եւ քննիչի կողմից իր բանկային քարտն առգրավվելուց հետո Ժենյա Մուրադյանը շարունակել է աշխատել ընկերությունում մինչեւ 2014թ. փետրվարը, ինչի մասին նշել է իր դատաքննական ցուցմունքում, որպիսի փաստը հաստատվում է նաեւ Ժենյա Մուրադյանի անձնական գործի զննության արձանագրությամբ»:

Վկաներից, նաեւ այլ աշխղեկների ղեկավարած բրիգադներում աշխատածները երբեմն իրենց աշխատած տարածքները շփոթում էին: Այս վկան էլ մեկ անգամ նշել է, որ աշխատել է Երեւանի «Չեխովի փողոցի գետնանցումում», իսկ նախաքննական ցուցմունքում նշել էր. «Չեխովի դպրոցի գետնանցում»: Դատարանի մեկնաբանմամբ՝ վկան իրականում չի աշխատել, քանի որ աշխատանքի վայրը չգիտի:

Ըստ պաշտպանի. «Ակնհայտ է, որ դա պարզապես խոսքի ընթացքում թույլ տրված լեզվի սայթաքում է։ Հակառակ դեպքում, կարող ենք, օրինակ, պնդել, որ բոլոր այն տաքսու վարորդները, ովքեր մեկ-մեկ շփոթում են Պուշկինի դպրոցն ու Պուշկինի փողոցը, տաքսու վարորդ իրականում չեն աշխատում»։ Ի դեպ, դատարանում Հրայրն ասաց, որ առաջին անգամ քննիչից է տեղեկացել, իբրեւ ընկերության աշխղեկների մոտ եղել են այլ անձանց բանկային քարտեր: Իր մոտ, բացի իր անվամբ բանկային քարտից, այլ քարտ երբեւէ չի եղել, նա նույնիսկ դրանից օգտվելու ձեւը չի իմացել, աշխատավարձը որդիներն էին օգնում կանխիկացնել։

Պաշտպանի գնահատմամբ, առաջին ատյանի դատարանը բավարարվել է միայն ապացույցների վկայակոչմամբ, չհիմնավորելով Հակոբյանի մեղավորությունը, եւ չի գնահատել բազմաթիվ արդարացնող ապացույցներ։

Նա խնդրում է բեկանված մասով կայացնել գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ՝ արդարացման դատավճիռ, ճանաչելով եւ հռչակելով Հրայր Հակոբյանի անմեղությունը, կամ բեկանված մասով գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

14.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930