Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ անտառը դարձնել գազոն

Նոյեմբեր 15,2017 13:00

Կամ գիտությունը՝ համահարթեցման գիլյոտինի առաջ

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածը բարձրաձայնում է, որ ՀՀ-ում սահմանվելու է միայն մեկ գիտական աստիճան՝ գիտության դոկտորի աստիճան: Օրենքի ընդունումից հետո բոլոր գիտության թեկնածուները ավտոմատորեն դառնում են գիտության դոկտորներ: Հասկանալի է, որ գիտական քաղաքականություն մշակող այրերը տոգորված են ՀՀ օրենքները եվրոպական միասնական դաշտին շուտափույթ համապատասխանեցնելու բուռն ցանկությամբ: Այդ ազնիվ նպատակին մեր հրճվանքը արտահայտելուց առաջ, փորձենք ուղիղ նայել ճշմարտության երեսին եւ անկողմնակալ խորամուխ լինենք հարցի էության մեջ:

Գաղտնիք չէ, որ նորաթուխ գիտության թեկնածուների 80%-ից ավելին դեռեւս կայացած չէ իբրեւ գիտնական եւ ունակ չէ ինքնուրույն գիտական աշխատանքի: Ինչ-ինչ, բայց գիտության թեկնածուների հոսքագիծը մեզանում վատ չի աշխատում՝ տարեկան միջին հաշվով շուրջ 500 գիտության թեկնածու՝ 30-40 դոկտորի դիմաց: Այս մարդիկ մի գիշերվա մեջ դառնում են դոկտորներ, այնինչ, մինչ այս գիտության թեկնածուն պետք է տքներ տասնյակ տարիներ՝ այդ բաղձալի աստիճանին հասնելու համար: Գուցե ուրախանանք, միանգամից կունենանք հազարավոր դոկտորներ: Հալվա-հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա: Դոկտոր-դոկտոր ասելով՝ գիտություն չի զարգանա: Գիտության թեկնածուների գերակշիռ մասը պաշտպանության համար անհրաժեշտ 3 հոդվածը տպագրելուց հետո հրաժեշտ է տալիս գիտությանը:

Չթաքցնենք, գիտությամբ զբաղվելու կարեւոր մոտիվներից մեկը դոկտոր դառնալու եւ պրոֆեսորական պաշտոններ զբաղեցնելու ձգտումն է: Այդ մոտիվը այժմ պարզապես վերանում է: Ասացեք, խնդրեմ, որեւէ լուրջ խթան, որը նորաթուխ, արդեն դոկտորի «տիտղոս» ստացած գիտության թեկնածուին կշահագրգռի «կրծել գիտության գրանիտը»: Չմոռանանք, որ խոսքը մերօրյա Հայաստանի մասին է, որտեղ գիտությամբ ընտանիք չես պահի:

Եթե այս օրենքն ընդունվի, մի թափից դոկտոր դարձած ճարպիկ երիտասարդները, վերեւների հովանավորությանբ, շատ արագորեն բոլոր պաշտոններից դուրս կմղեն իսկական գիտնականներին: Իր կյանքը գիտությանը նվիրած մարդը բավական անպաշտպան է, չունի ժամանակ եւ պատվաբեր չի համարում իր շահերը պաշտպանել զարտուղի ճանապարհներով, փնտրել «այս աշխարհի հզորների» հովանավորությունը: Պետությունը պարտավոր է պաշտպանել այս մարդկանց՝ որոշակի արտոնություններ սահմանելով նրանց համար: Օրինակ, որպես կանոն, ամբիոնի վարիչի պաշտոն պետք է զբաղեցնի գիտության դոկտորը, որի բացակայության դեպքում նոր միայն գիտության թեկնածուն: Ցավոք, այս տիպի հիմնարար սկզբունքները, որ մեզանում դրված էին գիտության կազմակերպման հիմքում, աստիճանաբար դուրս են մղվում՝ լայն ասպարեզ բացելով միջակությունների առաջ: Մեր հասարակությունը դեռ կարիք ունի կոշտ սահմանափակումների եւ պատրաստ չէ բացարձակ ազատականացման: Մյուս կողմից՝ ակտիվ սերնդափոխության համար հարկավոր է կոշտ ժամկետներ սահմանել նաեւ դոկտոր պրոֆեսորների, ակադեմիկոսների եւ այլոց ղեկավար պաշտոնների համար:

Համահարթեցումը բերում է լճացման բոլոր ասպարեզներում, իսկ լճացումը պարզապես գիտության վերջն է: Պ. Սեւակի մտածողությամբ ասած՝ ինչու անտառը դարձնել գազոն: Քիչ չեն գիտության թեկնածուները, որոնք իսկապես արժանի են դոկտորի աստիճանի, սակայն այդ մարդիկ դրան հասել են բազմաթիվ տարիների գիտական աշխատանքով:

Դեռ վաղ է չափվել Արեւմտյան Եվրոպայի հետ, որտեղ դոկտորը կայացած գիտնական է: Մեր գիտության թեկնածուներից ոմանք, սառը հաշվարկելով իրենց հնարավորությունները, շարունակում են ուսումը եվրոպական եւ ամերիկյան համալսարանների մագիստրատուրաներում (նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում): Միայն եզակի թվով գիտության թեկնածուներ կարող են հավակնել գիտական կամ մանկավարժական աշխատանքի արեւմտյան համալսարաններում, մինչդեռ այժմյան դոկտորներից շատերը ցանկալի հյուր են եւ հարգանք են վայելում նույն գիտական շրջանակներում: Պետք չէ արժեզրկել այս մարդկանց գիտական աստիճանը: Նախ եւ առաջ անհրաժեշտ է անհամեմատ բարձրացնել գիտության թեկնածուի նշաձողը: Պետք է հանել ասպիրանտի պաշտպանության եռամյա ժամկետը, պահանջել զգալի քանակությամբ աշխատանքներ գիտական վարկանիշ ունեցող արտասահմանյան ամսագրերում:

Եվրոպական շատ երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Չեխիա, Բուլղարիա, Հունգարիա, Սլովակիա, Սլովենիա, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներում, ըստ էության, բացի դոկտորական աստիճանից, կա նաեւ գիտական երկրորդ աստիճանը, որը համապատասխանում է մեր դոկտորին: Նշված երկրներում գոյություն ունի «հաբիլիտացիայի» գործընթաց (Habilitation, լատ. Habilis-ընդունակ, պետքական): Այս գործընթացը մի շարք պարամետրերով համապատասխանում է դոկտորական դիսերտացիայի պաշտպանությանը Խորհրդային միությունում: Վերջինիս արդյունքում հավակնորդը ստանում է Հաբիլիտացված դոկտորի տիտղոս (doctor habilitatus), որը նրան հնարավորություն է տալիս զբաղեցնել պրոֆեսորական պաշտոններ համալսարաններում:

Կարծում եմ՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածը ժամանակավրեպ է: Այդ հոդվածի ընդունումը խիստ վաղաժամ է եւ հղի է ակնհայտ դառը հետեւանքներով: Այն իր հետ բերելու է ՀՀ գիտական ներուժի թուլացման, եթե ոչ՝ աստիճանական ամլացման: Նման օրենք գուցե եւ անհրաժեշտ է, սակայն մենք դրան դեռեւս պատրաստ չենք: Կարծում եմ՝ նախապատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է առնվազն մեկ տասնամյակ: Այդ ընթացքում պետք է էապես բարձրացնել գիտության թեկնածուի աստիճանի նշաձողը եւ կրճատել նրանց զանգվածային թողարկումը: Եվ ամենակարեւորը՝ ստեղծել մոտիվացիա գիտությամբ զբաղվելու համար, լինի դոկտոր, թե թեկնածու:

 

ՄԱՔՍԻՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

14.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930