Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցի» լուսանկարիչը հասել է օպերա (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 15,2017 12:30

«Առավոտը» Դոնիցետիի «Պողիկտոս» օպերայի վերականգնման աշխատանքների ընթացքում հանգամանորեն ներկայացրել էր այս ստեղծագործության «երեւանյան» պատմությունը (11.10.2017): Հիշեցնենք, որ Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ «Պողիկտոսի» պրեմիերան (բեմադրող դիրիժոր՝ Օհան Դուրյան) Ազգային օպերային թատրոնում կայացել է 1993թ.: Օպերան 1995թ. ներկայացվել է Մեծ թատրոնում, իսկ 1998-ին՝ Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող օպերային արվեստի միջազգային փառատոնում: Առիթի դեպքում հիացմունքով է հիշվում այս օպերայի բեմադրությունը «Զվարթնոց» հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի տարածքում:

Օրերս «Պողիկտոսը» երկրորդ կյանք ստացավ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Վերականգնման ռեժիսորն է Ժաննա Թամիզյանը, որը Տիգրան Լեւոնյանի կողքին մասնակցել է ռեժիսորի թվով 9 օպերաների բեմադրական աշխատանքներին:

«Առավոտը» որոշեց այս անգամ վերականգնված ներկայացումը «պատկերել» լուսանկարներով, որոնք «խոսում» են եւ հագուստի դիզայնի (հեղինակ՝ Մերի Սարգսյան), եւ դեկորների (հեղինակ՝ Եվգենի Սաֆրոնով), եւ պարերի բեմադրության (խորեոգրաֆ՝ Վիլեն Գալստյան) միջոցով: Իսկապես փայլուն էին երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան) եւ նվագախմբի կատարումները: Իսկ մենակատարների՝ սոպրանո Անահիտ Մխիթարյան, տենոր՝ Սարգիս Աղամալյան, բարիտոն Առնոլդ Քոչարյան, բաս Հայկ Տիգրանյան, տենոր Տիգրան Կոնինյան, տենոր Արմեն Զաքյան, բարիտոն Սարգիս Հովակիմյան, ներկայացրած արվեստի մասին մեջբերենք Երեւանում գտնվող բելգիացի հանրահայտ տենոր Աքսել Էվըրարթի կարծիքը՝ ես ընկել եմ ձայների դրախտ:

Լուսանկարների հեղինակ Տիգրան Առաքելյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում է միայն օպերաներից եւ բալետներից կադրեր անմահացնելով: «Ծնողներս դասական երաժշտության երկրպագուներ են: 12 տարեկանից ինձ ձգել է ոչ միայն դասական երաժշտությունը, մասնավորապես՝ օպերային եւ բալետային ներկայացումները, այլեւ ցանկություն է առաջացել լուսանկարել արտիստների կուլիսային կյանքը»,- հավելեց լուսանկարիչը: Դիտարկմանը՝ սովորաբար անվանի լուսանկարիչներն իրենց կարիերան սկսում են փողոցից, Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Ես էլ բացառություն չեմ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930