Վերջին օրերին քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, օրենսդիրների մեծամասնությունն էլ չի կարեւորում կրթության անընդհատությունը: Ոմանք էլ միմյանց են հակադրում ապրիլյան պատերազմի հերոսներին ու դասադուլ անող ուսանողներին:
Օրենսդիրների մեծ մասը հանգիստ կարող է կոճակ սեղմել հօգուտ «բանակ տանելու», որովհետեւ իրենք մտահոգվելու խնդիր չունեն: Իրենցից շատերի զավակներն ու թոռները արտասահմանում են ծնվել, ՀՀ քաղաքացիներ չեն: Հետեւաբար, վաղը նրանց չեն զորակոչելու բանակ: Ու վերջին հաշվով, էլի խեղճ ու կրակ ընտանիքների տղաներին են բանակ տանելու: Ինչո՞ւ, որովհետեւ նրանց վիճակված չի եղել ճարպիկ ծնողների շնորհիվ արտասահմանի քաղաքացիություն կամ «հիվանդության թուղթ» ձեռք գցել:
Անուններ չտանք` ցանկության դեպքում բոլորն էլ կարող են պարզել, թե հատկապես որ պատգամավորների կամ պաշտոն զբաղեցնողների կանայք ու հարսներն են ծննդաբերել ամերիկաներում ու եվրոպաներում: Ով ֆինանսական որոշակի հնարավորություն ունի, ընտանիքի անդամը դրսում է երեխային լույս աշխարհ բերում: Իրենք այլեւս ապահովագրված են հայրենիք պաշտպանելուց, փոխարենը հարկ եղած դեպքում տարբեր ամբիոններից պաթետիկ ելույթներ կարող են ունենալ ու Ռոդենի Մտածողի կերպարով բողոքել, թե ինչու են ուրիշները ընդդիմանում իրենց գրած օրենքների դեմ, դժգոհում արդարության պակասից:
Մի բան պարզ է, ինչ օրենք էլ լինի՝ առաջնագիծը մնալու է աղքատ ընտանիքների որդիների «մենաշնորհը»: Այստեղ տեղին է հիշել Համո Սահյանի միտքը, որ ընդհանրապես երկիրը կառավարությանն է պատկանում, բայց պատերազմի ժամանակ անունը դնում են Հայրենիք ու հանձնում ժողովրդին…
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բայց ինչի անուններ չեք տալիս։ Տենց սրիկաներին պետքա քաղաքացիությունից զրկել դեպորտ անել։