Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. Եթե օրենքը գործում է բոլորի համար, ուրեմն թող չլինեն սպորտսմեններին, կղերականներին և այլոց տրվող տարկետումները ևս

Նոյեմբեր 14,2017 23:35

Տարկետման իրավունքի եղած կարգի վերացումը միանգամից մի քանի մտահոգություն է առաջացնում:

Առաջին. Եթե օրենքը գործում է բոլորի համար, ուրեմն թող չլինեն ՀՀ Կառավարության որոշմամբ սպորտսմեններին, կղերականներին և այլոց տրվող տարկետումները ևս: Հակառակ դեպքում՝ պետության մեսիջը հանրությանը հետևյալն է. մեր առաջնահերթությունը սպորտն ու եկեղեցին են, այլ ոչ՝ գիտությունը: Արդար լինելու համար թող բոլորը գնան բանակ, որից հետո կարող են զբաղվել սպորտով, եկեղեցուն ծառայելու գործով և այլն:

Նույնը՝ արտերկրի համալսարաններ ընդունվողների համար: Ըստ որում, եթե հայտնաբերվեն բանակից խուսափած սրա-նրա երեխաներ, ապա հարկավոր է սահմանել քրեական պատասխանատվություն նման «գործեր սարքողների» համար ևս:

Երկրորդ, Այս ամբողջ աղմուկն իրականում ընդամենը 140 ասպիրանտներին է վերաբերվում: Այսինքն՝ պետությունը գտնում է, որ կարելի է աչք փակել ամեն տարի սրա-նրա մի քանի հազար երեխաներին, չէ՝ բալիկներին թաքստոց տանելու փաստի վրա, բայց գիտության բոլոր ոլորտներն իրար հետ վերցրած ընդամենը 140 տեղերը վերացնել: Գիտեք այս ամենն ինչի է նման. պետությունը չկարողացավ «ստվերից» հանել օդի տուրքը, դրա փոխարեն այն տարավ – մտցրեց տոմսերի արժեքի մեջ: Հիմա՝ այնքան անզոր ենք զսպել զեղծարարություններն ու բանակից ազատված առողջ երիտասարդների փախուստը, կամ կանխել կեղծ գիտնականների նորօրյա փաղանգի ձևավորումը, որ փոխարենը կրճատում ենք երիտասարդ գիտնականների համար հատկացվող չնչին տեղերը: Իսկ մագիստրատուրայի տեղերն, օրինակ, Երևանի պետական համալսարանի բոլոր ֆակուլտետներում իրար հետ հարյուրի էլ չի հասնում: Ըստ որում՝ այդ տեղերը միայն տղաների համար չեն…

Երրորդ, Սահմանափակ թվով տարկետման իրավունքով մագիստրատուրայի և ասպիրանտական տեղերի վերացումը կամ դրա փոխարեն ՀՀ ՊՆ հետ երեք տարով պայմանագրի կնքումն, ըստ էության, վերջակետ է դնում գիտության սերնդափոխությանը: Եթե այսօր ինչ-ինչ խթաններ կան անկաշկանդ գիտությամբ զբաղվելու, ապա բանակից հետո գրեթե անհավանական խնդիր է ամուսնական տարիքի երիտասարդներին հացի խնդրի մտահոգությունից նպատակաուղղել դեպի գիտություն:

 Չորրորդ. տարկետման իրավունքի վերացումը գիտության դեմ արշավանքի մի մասն է միայն: Ի գիտություն բոլորին՝ Հայաստանի գիտությանը տրամադրվող ծախսերը հասել են Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենանվաստացուցիչ մակարդակի և կազմում են ՀՀ պետական բյուջեի ընդամենը կես տոկոսը /գործող օրենքն ի սկզբանե ամրագրել էր առնվազն երեք տոկոսի ֆինանսավորում/:

Հինգերորդ. Չորացնելով տնտեսության ծառը սնուցող գիտության արմատները, մեր պետությունը ստիպված կլինի ավելի թանկ վճարել օտար մասնագետներին, որոնց համար առանձնապես կարևոր չէ, թե որ անդունդը կգլորվի մեր տնտեսությունն իրենց խորհուրդներով կամ հայտնագործություններով:

Ավելի խելամիտ կլինի ավելացնել գիտության համար նախատեսված ծախսերը, դրանք ուղղել երկրի ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման համար բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և առաջընթացին: Արդյունքում՝ նպատակային և հասցեական ավելացնել տարկետման իրավունքով կոնկրետ մասնագիտությունների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը և ոչ-հեղինակազուրկ հանձնաժողովներով՝ արդար մրցույթով ընտրել շնորհալիներին: Միաժամանակ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ բացառել հազարավոր «պապայի բալաների» անուղղակի «տարկետումները» և բացառել նմանների առաջընթացը պետական կամ մասնագիտական որևէ սանդղակով:

Վերջապես, կարևոր է, որ արական սեռի բոլոր ՀՀ քաղաքացիները տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս զինվորական պատրաստության, մասնավորապես կրակային պատրաստության հավաքների մոբիլիզացվեն: Ներառյալ՝ բոլոր պաշտոնյաներն ու նրանց մերձավորները:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930