«Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն։ Ներկայից ավագանին չգործող մարմին է արդեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, նոր Սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով նախօրեին Սահմանադրական դատարանի կողմից ՏԻՄ նոր օրենսգրքի համապատասխան դրույթները հակասահմանադրական ճանաչելուն և դրանից հետո Վանաձորում ստեղծվելիք իրավական ճգնաժամին։
Գևորգ Դանիելյանի խոսքերով՝ Վանաձորում ստեղծված վիճակը միայն օրենքի խնդիր չէր։ «Եթե հիշում եք՝ համայնքի ղեկավարի ընտրության նոր կարգ մշակվեց, այն համարվեց առավել իրավաչափ, որպեսզի անհարկի հակասություն չառաջանա համայնքի ղեկավարի և ավագանու միջև։ Եթե համայնքի ղեկավարը անմիջապես ընտրողների կողմից է ընտրվում առաջնային մանդատով, ենթադրվում էր, որ հակասություն է առաջանում ավագանու և համայնքի ղեկավարի միջև։ Ավագանին խոչընդոտներ էր ստեղծում։ Օրենքի փոփոխության հիմքում այն տրամաբանությունը դրվեց, որ եթե ավագանին ինքը ընտրի համայնքի ղեկավար, ենթադրվում է, որ հակասություն չպետք է լինի, քանի որ նրանք աշխատելու են իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարի հետ։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ այդպես չեղավ։ Ավագանու անդամները հայտարարեցին, որ իրենք քաղաքապետին չեն ընտրել, բայց արդյունքում նա ընտրվել է։ Այստեղից էլ առաջացավ հակասությունը»,- ասաց Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ եթե ավագանին չի գործում, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն, ուրիշ ճանապարհ չկա, թեև դա ոչ լավագույն ճանապարհն է։ Իրավաբանի խոսքերով՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նոր ընտրություններից հետո կարող է ավելի լավ վիճակ լինել։ Օրենսդրական կարգավորումներից զատ, Դանիելյանը կարևորում է քաղաքական մշակույթը։ «Հավանականություն կա, որ նոր ընտրությունից հետո դրանից վատ կամ նույնանման վիճակ ստեղծվի։ Եվ նորից հայտարարվի, թե իրավական լուծումներն են ոչ լիարժեք։ Բայց ես կարծում եմ, որ մի քիչ էլ քաղաքական մշակույթը պետք է լավը լինի։ Նույնիսկ ամենավատ իրավական կարգավորումների պարագայում՝ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է լուծումներ գտնել։ Վանաձորում էլ կարելի էր լուծում գտնել և գնալ առաջ։ Ես միայն օրենսդրական լուծումներով չեմ բացատրում կազուսային վիճակները։ Եթե լուծման եղանակներ գտնվեին, գուցե բանը Սահմանադրական դատարան էլ չհասներ»,- նշեց Դանիելյանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում: