2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Արամ Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը եւս ներկայացրել է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդություն:
Փաստաբանը նշել է, որ Հակոբյանն ունի մոտ մեկ տասնյակ հիվանդություններ, այդ թվում՝ գլխուղեղի արյան շրջանառության խանգարում եւ գլխուղեղի քրոնիկ իշեմիա, հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն, որոնք անհամատեղելի են քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների հետ: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արթուր Օհանյանը որոշել է մերժել միջնորդությունը:
Նշենք, որ միջնորդության ներկայացումից առաջ Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն էր կանչվել: Բժիշկները նշել էին, որ նրա ճնշումը բարձր է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ